Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայազգի նոր գինեսակիրը

Հասարակություն

Հայազգի Դավիթ Ֆահրադյանն այսօր գինեսի ռեկորդ է սահմանել: Նա «մեկ պտույտ հետ տար» մարզաձեւում պտտաձողի վրա կատարել է 354 պտույտ:

Գինեսի ռեկորդը սահմանելու համար բավարար կլիներ 350 պտույտը: Գինեսի Գրքում գրանցման ենթակա համաշխարհային ռեկորդի սահմանման հայկական փորձը արձանագրվել է տեսաժապավենի վրա և կուղարկվի Լոնդոն` Գինեսի համաշխարհային ռեկորդների գրանցման հանձնաժողով:

ՀՀ վաստակավոր մարզիկ Դավիթ Ֆահրադյանը ավարտել է ֆիզկուլտուրայի ինստիտուտը: Նախորդ ռեկորդը նա սահմանել է Հայաստանում` կատարելով 307 պտույտ, 2005 թվականից էլ գրանցված է « Հայկական դյուցազնագրքում»:

Մարզիկի խոսքով, պտտաձողի վրա պտտվելու այս փորձը աշխարհում գրեթե չի կատարվել (միակը եղել է Ռուսաստանում` 254 պտույտ), քանի որ մարզաձևը հեշտերից չէ. հարկավոր է լինել շատ տոկուն , ունենալ դիմացկուն մարմին, ձեռքեր և սրտանոթային համակարգ: «Թեև այսօր սահմանել եմ համաշխարհային ռեկորդ, սակայն, ինձ վերջնական ռեկորդակիր կզգամ, երբ պայմանագիրն արդեն կնքված լինի: Իսկ հաղթանակս ցանկանում եմ նվիրել իմ հարազատներին եւ բոլոր աջակիցներիս»,- «Ա1+»-ին ասաց նա:

Գինեսի ռեկորդակիր դառնալը որեւէ արտոնություն կամ պարգև չի սահմանում, միայն համաշխարհային շոուբիզնեսում հանդես գալու հնարավորություն է տալիս:

« Գինեսը չի խնդրում քեզ, որ կատարես այդ վարժությունները , դու ես կատարում դրանք` գրքում գրանցվելու համար: Գիրքը տպագրվում է, իսկ թե ով է հարստանում` չգիտենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ատասովոր շարժողական ունակությունների գրանցման հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը: Ըստ նրա, մեր երկրում հիմնականում աշխատում են ուժային սպորտաձևերի գրանցման ուղղությամբ: Վերջին 20 տարիների ընթացքում տարբեր սպորտաձևերում Հայաստանից գրանցվել է Գինեսի 7 ռեկորդակիր:

Գինեսի մեկ այլ ռեկորդակիր է նաև Արտակ Գրիգորյանը, ով կարճ դրությամբ օղակների վրա կանգնած դիրքով մնացել է 27 վայրկյան (մարմնամարզական խաչը բարձրացրել է 8 տարբեր բռնվածքներով), սահմանել նաև 37 տարբեր ռեկորդներ:

Արտակը ռեկորդները ցուցադրելու հնարավորություն, սակայն, չունի: «Մինչև գրքի մեջ գրանցվելը շատ մեծ սպասելիքները ունեի, լուրջ մոտեցում էի ակնկալում: Բայց պետության կողմից ոչինչ չեղավ: Անկախ քեզանից կոտրվում ես, առաջ գնալ չի լինում»,-«Ա1+»-ին ասաց նա`վստահեցնելով, որ դիմել է համապատասխան մարմիններին:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, ով ներկա էր Դավիթ Ֆահրադյանի ռեկորդի սահմանմանը, հակառակը, «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե նման միջոցառումների հաղթողը կարող է մասնակցել աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին եւ ստանալ ՀՀ կառավարության սահմանած պարգևը:

Ըստ նրա, իր գործունեության ընթացում չի հանդիպել որեւէ դեպքի, երբ որեւէ ռեկորդակիր դիմած լինի նախարարություն կամ կոմիտե եւ մերժված լինի: Երբ «Ա1+»-ի թղթակիցը մատնանշեց Արտակ Գրիգորյանի դեպքը, փոխնախարարը զարմացած հարցրեց. «Ի՞նչ է ինձ չե՞ք հավատում»,իսկ հարցին` թե այս պահին Գինեսի քանի հայ ռեկորդակիր ունենք, փոխնախարարը դժվարացավ պատասխանել: