Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՆԳԱՄԻՑ 10 ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՄԵԿ ՏԵՂՈՒՄ

Տնտեսություն

10 երկրների արտգործնախարարներ այսօր հավաքվել են Երեւանում Սեւծովյան Տնտեսական Համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար:

Նմանատիպ հանդիպումը թվով 8-րդն է: Հատկանշական է, որ այս անգամ Երեւան են ժամանել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչները: Վերջինս Հայաստան ժամանելու լուրջ հիմքեր ուներ: Սեւծովյան Տնտեսական Համագործակցության 6 ամսյա նախագայությունից հետո Հայաստանը, կարգի համաձայն, պետք է փոխանցի այդ պարտականությունները կառույցի անդամ երկրներից որեւէ մեկին: Նախագահության հերթն արդեն հասել է Ադրբեջանին եւ պարտականությունների փոխանցումը տեղի է ունենալու հենց Հայաստանում, արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

Մասնակիցների կողմից դա դիտարկվում է իբրեւ պատմական իրադարձություն: Երեւանում գտնվողները ականատես կլինեն եւս մեկ պատմական իրադարձության: Կազմակերպությունը, որը հիմնվել է 11 տարի առաջ 11 անդամ երկրների կողմից ընդլայնվում է Հայաստանում` Սեւծովյան Տնտեսական Համագործակցությանը անդամագրվում են նաեւ Սերբիա-Մոնտենեգրոն եւ Մակեդոնիան:

Սեւծովյան Տնտեսական Համագործակցության անդամ-երկրներն արդեն գոհունակություն են հայտնում իրենց աշխատանքների արդյունավետության կապակցությամբ: Տարբեր երկրների աշխատանքային խմբերի հանդիպումներ են կայանում բանկային, ֆինանսական, էներգետիկայի, արտակարգ իրավիճակների, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտներում:

Հանդիպման ընթացքում եղավ նաեւ մեկ հետաքրքիր ակնարկ Սեւծովյան Տնտեսական Համագործակցության գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլու կողմից. «միջազգային կառույցների հատկություններից մեկն այն է, որ հանուն կոլեկտիվի շահերի երբեմն պետք է եւ անհրաժեշտ է «զոհել» անդամ-երկրների ինդիվիդուալ, առանձին հարցերն ու խնդիրները»: