Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞վ էր զբաղված մարզիչը

Սպորտ

    ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հույս ունի, որ Կապանում ֆուտբոլը առաջիկա տարիներին մեծ առաջընթաց կապրի: Այդ մասին Հայրապետյանը լրագրողներին հայտնեց Կապանում «Գանձասար» ակումբի նախագահ Մաքսիմ Հակոբյանի հետ հանդիպումից հետո:                   

 «Վերջին օրերին լինում եմ մարզերում: Օրերս Արցախում էի ու այնտեղից եմ եկել Կապան: «Գանձասարի» նախագահ Մաքսիմ Հակոբյանի հետ ունեի պայմանավորվածություն, եկա Կապան' քննարկելու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը եւ մարզադաշտի  նախագիծը: Նախագիծը տեսնելով' կարող եմ ասել, որ  եվրոպական  մակարդակի մարզադաշտի նախագիծ է»-նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Ֆեդերացիայի ղեկավարը հայտնեց, որ Կապանում կկառուցվի 2 մարզադաշտ. «Դրա պտուղները մի քանի տարի հետո կվայելենք: «Գանձասարը» ուժեղ թիմ է, ես հույս ունեմ, որ մի օր էլ  կգամ Կապան' ոսկե մեդալներ տալու կապանցի ֆուտբոլիստներին: Այդ  ապագան հեռու չէ»:

Ռուբեն Հայրապետյանը խոստացավ, որ որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ' այսուհետեւ  հաճախ է լինելու Սյունիքում, մասնավորապես  Կապանում եւ իր անմիջական հսկողության տակ կվերցնի ֆուտբոլի զարգացման ծրագիրը:

Խոսելով «Գանձասարի» անհաջող ելույթների մասին' Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ թիմը շուտով կունենա նոր բարձրակարգ մարզիչ. «Թիմը կհամալրենք նոր խաղացողներով: Ժամանակի ընթացքում համոզված եմ' լավ թիմ կդառնա»:

Հայրապետյանը կարծիքով' «Գանձասարը» 5-րդ տուրում կարող էր եւ ավելի հաջող հանդես գալ «Փյունիկի» հետ մրցավեճում, որում զիջեց 0:4 հաշվով:

«Խաղի սկզբում հավասար պայքար էր ընթանում: «Գանձասարը» նույնիսկ առավելություն ուներ «Փյունիկի» նկատմամբ: 20 րոպե խաղալուց հետո կապանցիները հոգնեցին ու տեղի տվեցին: Ես զարմանում եմ, որ այսքան ժամանակ ենք կորցրել: Նախկին մարզիչը, թե ինչով է զբաղված եղել ամբողջ ձմռանը, ինձ համար պարզ չէ; Ես շատ եմ հուզվում եւ տխրում, նախկին մարզիչը ուներ լավ պոտենցիալ, թե ինչո՞ւ է թիմը բարձիթողի վիճակում'  չեմ կարող ասել: Ցավալին այն է, որ ակումբի ղեկավարությունը տրամադրել է անհրաժեշտ ֆինանսները, բայց արդյունք չկա»:

Հիշեցնենք, որ «Գանձասարի» գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը վերջերս պաշտոնանկ էր արվել:

«Գանձասար»-«Փյունիկ» խաղից հետո Կապանում կարծիք էր հնչել, որ մրցավարությունը բարձր մակարդակի չէր: Ռուբեն Հայրապետյանը այլ կարծիքի էր. «Չեմ կարող ասել, թե նման կարծիք ով է ասել, բայց թող գա ինձ հետ բանավիճի: Մրցավարը սխալ չի գործել, եւ եթե նա համարձակվել է  իմ ներկայությամբ սխալ դատել, ուրեմն նրան  պետք է հերոսի կոչում տանք»: