Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Քաղաքականություն

Տարածաշրջանային այցով Հայաստանում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այսօր նրանք հերթական հանդիպում ունեցան Ռոբերտ Քոչարյանի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի Դաշնության համանախագահ Նիկոլայ Գրիբկովի խոսքերով, կան նոր մտքեր, ոչ առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն:

Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից համանախագահները գոհ էին: Նրանք ասում են, որ եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Հեյդար Ալիեւը աշխատում են խնդրի լուծումը գտնելու ուղղությամբ:
Համանախագահները խորհուրդ են տալիս հեղափոխական կամ դրամատիկ առաջարկներ չսպասել: Գրիբկովն ասում է, որ չկա այնպիսի քայլ, որը կատարելով հնարավոր է Ղարաբաղյան խնդիրը 1 օրում կարգավորել: «Մենք կախարդական փայտիկ չունենք», - ասում է Նիկոլայ Գրիբկովը:

Համանախագահները նաեւ չեն կարող ճշտել, թե երբ կմիանան բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայաղցուցիչները:
ԱՄՆ համանախագահ Ռուդոլֆ Պերինան ասում է, որ 1 շաբաթից հնարավոր կլինի ավելի շատ տեղեկատվություն հաղորդել:

Վաղը համանախագահները մեկնում են Ստեփանակերտ՝ իրենց նոր մտքերը տեղի իշխանություններին ներկայացնելու համար: