Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Բալայանը պնդում է, որ ինքը չի ծեծել

Հասարակություն

Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոռեկտոր Գաբրիել Բալայանը ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, թե ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ծեծել է նաեւ ինքը:

Հիշեցնենք, որ Գագիկ Շամշյանը մարտի 13-ին իր մասնագիտական գործունեությունը կատարելիս դաժան ծեծի էր ենթարկվել Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում եւ ստացել միզուկի առաջնային հատվածի մասնակի վնասվածք:

Գագիկ Շամշյանը նշել էր, որ բացի անվտանգության աշխատակիցից, իրեն ծեծել է նաեւ բուհի պրոռեկտորը` անունը չնշելով:

Ինչպես ՚Ա1+ՙ-ին ասաց պրոռեկտորը, ինքը ընդհանրապես կապ չունի Գագիկ Շամշյանի ծեծի հետ: Ըստ նրա` ինքը ծեծկռտուքից մոտավորապես 5 րոպե հետո է ներքեւ իջել եւ տեսել, որ Գագիկ Շամշյանը հայհոյում է: ՚Ներկայացված է, որ Գագիկ Շամշյանն է ծեծվել, բայց հրահրիչը եւ խփողը նա է եղել, մեր անվտանգության աշխատակիցը հիմա գտնվում է կաթիլայինի տակ: Իմ անունը անուղղակիորեն է տրված: Շամշյանի գործելաոճը նման պարագայում անընդունելի էՙ,- ասաց Գաբրիել Բալայանը:

Ի դեպ, Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորատը մարտի 14-ին ընդունել էր որոշում` այս միջադեպի հետ կապված: Ըստ որի` Գագիկ Շամշյանը, ՚ցուցաբերելով լրագրողին ոչ հարիր, ցինիկ գործելակերպ, խախտելով բուհի ներքին կարգապահական կանոնները ներխուժել է համալսարան՝ խանգարելով ուսումնական գործընթացըՙ:

՚ Նրա կատարած անօրինական գործողությունների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում, համաձայն լրատվամիջոցների` Գ.Շամշյանը ստացել է մարմնական վնասվածքներ:

Ցավում ենք կատարվածի համար, միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ կատարված միջադեպը ոչ թե Գ.Շամշյանի պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման, այլ նրա խուլիգանական գործողությունների կանխման արդյունք է:

Անընդունելի համարելով պահակախմբի աշխատակցի գործելաոճը, արձանագրում ենք, որ նա չպետք է ենթարկվեր Գ.Շամշյանի կողմից նախաձեռնած սադրանքին:

Միջադեպի տեսաձայնագրությունը գտնվում է համալսարանի տրամադրության տակ եւ անհրաժեշտության դեպքում այն կտրամադրվիՙ,-ասված է ԵՊԼՀ հաղորդագրության մեջ:

ԵՊԼՀ-ն դեպքի մանրամասները ներկայացնող համապատասխան գրությամբ դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրանքով պատասխանատվության կանչել օրինազանցներին: