Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԵՐՋԱՊԵՍ ԽՈՍԵՑ

Քաղաքականություն

ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանը փետրվարի 25-ին պատրաստվում է դիմել ԿԸՀ` ՀՀ նախագահի ընտրությունների առաջին փուլի ընթացքն ու արդյունքներն անվավեր ճանաչելու եւ նոր ընտրություններ սկսելու պահանջով:

Եթե ԿԸՀ-ն չբավարարի Արտաշես Գեղամյանի այդ պահանջն, ապա նույն խնդրի քննարկումը փետրվարի 26-ին փորձ կարվի տեղափոխել Սահմանադրական Դատարան:

«Ազգային Միաբանություն» կուսակցության անդամները մտադրվել են ապահովել եվրոպական դիտորդների ներկայությունը Սահմանադրական Դատարանում: Այս որոշումը հրապարակելու համար Արտաշես Գեղամյանը հրավիրել էր ասուլիս` «հայ ժողովրդի գլխին այսօր դարանակալած վտանգները» թվարկելու համար:

Ըստ Արտաշես Գեղամյանի, իշխանությունների համար ամենահարմար թեկնածուն ինքն էր որովհետեւ հեռուստաելույթներից մեկի ժամանակ էլ նա հայտարարել էր, որ նորմալ իշխանափոխության դեպքում կապահովեր ներկա իշխանավորների «առոք փառոք» հեռանալը:

Ներկա իշխանությունները, սակայն, «անամոթաբար պատռել են Արտաշես Գեղամյանի թերթիկները», քանի որ գիտակցում էին. երկրորդ փուլում մնալով Արտաշես Գեղամյանի հետ Ռոբերտ Քոչարյանի պարտությունն ակնհայտ էր:

Այսօր «իշխանությունները գլխին են խփում»,- համոզված է Արտաշես Գեղամյանը:

«Ազգային Միաբանություն» կուսակցության առաջնորդը կարծում է, որ իշխանությունները հասկացել են, թե ինչ վտանգ է իրենց սպառնում, որ իրենք գնդակահարվելու են եւ, որ արյունահեղությունը կանխելու միակ երաշխավորը ինքը` Արտաշես Գեղամյանն է: Այս ամենը միաշունչ արտաբերելուց հետո Արտաշես Գեղամյանը հեռացավ դահլիճից` անտեսելով լրագրողների իր հետ շփվելու ցանկությունն ու չպատասխանելով նրանց եւ ոչ մի հարցին:

Նման վերաբերմունքից լրագրողների զայրույթի աստիճանը տեսնելուց հետո Գեղամյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսան Կարապետյանն ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աղասի Արշակյանը ստիպված էին մնալ դահլիճում:

Այնուամենայնիվ, այն հարցերին, որոնք հիմնականում հետաքրքրում են հասարակությանը նրանք տալիս էին խուսափողական, ոչ հստակ պատասխաններ

Այդպես օրինակ` նրանք չմեկնաբանեցին մի շարք քաղաքական ուժերի որոշումը` Գեղամյանին սատարելուց հետո, երկրորդ փուլում միանալ Ստեփան Դեմիրճյանին: Այդ հարցը չի քննարկվել միասնական շտաբում եւ ինչպես ասաց Ալեքսան Կարապետյանը.- «միասնական շտաբը թելադրելու իրավասություններ չունի: Մնացած մեկնաբանությունները հարցրեք իրենցից»:

Որոշակի պատասխան տրվեց նաեւ փետրվարի 18-ին տարածված թռուցիկների վերաբերյալ, որոնցով իբր ի օգուտ Ստեփան Դեմիրճյանի վարկաբեկվել է Արտաշես Գեղամյանը:
«Թռուցիկները կարող են տարածել նաեւ իշխանությունները` Ստեփան Դեմիրճյանին եւ մեզ կռվացնելու նպատակով: Ես դա պրովոկացիա եմ համարում»,- ասում է Աեքսան Կարապետյանը:

Լրագրողները նախընտրական շտաբի ներկայացուցիչներից այդպես էլ չկարողացան ճշտել, թե ինչպիսինն է լինելու «Ազգային Միաբանության» դիրքորոշումը., եթե այնուամենայնիվ հերթը հասնի ընտրությունների երկրորդ փուլին: Գեղամյանի եւ իր կողմնակիցների դիրքորոշումն այն է, որ ընդունելով երկրորդ փուլի տարբերակը, նշանակում է ընդունել առաջին փուլի ընթացքն ու արդյունքները, համաձայն որի Ռոբերտ Քոչարյանը հավաքել է 700 000-ից ավելի ձայն:

Կուսակցությունում գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը չէր կարող հավաքել այդքան քվե: Բացի այդ, «Ազգային Միաբանությունում» շեշտը դրվում է փետրվարի 19-ի ժամը 17:00-ին ՀՀ նախագահի 6 թեկնածուների կողմից ստորագրած հայտարարության վրա:

Հայտարարության համաձայն ընտրությունների ընթացքում կիրառված խախտումները թույլ չեն տալիս լեգիտիմ համարել այդ ընտրություններում ընտրված նախագահին` ով էլ որ նա լինի:

Այսպիսով, «Ազգային Միաբանությունում» գտնում են, որ ետընտրական ցանկացած տարբերակ ընդունելու դեպքում նրանք կցուցաբերեն անսկզբունքայնություն: «Ազգային Միաբանություն» կուսակցությունում տեղի ունեցած հանդիպումից պարզ դարձավ, որ Գեղամյանն ու իր կուսակցությունը չեն ընդունում միտինգային աշխատանքի ոճը, քանի որ գտնում են, որ դա ճանապարհ է դեպի արյունահեղություն:

Ի դեպ, նախընտրական շտաբի ներկայացուցիչները առաջին անգամ բավական ցածր ձայնով, այնուամենայնիվ, հայտարարեցին. Արտաշես Գեղամյանը երկրորդ փուլ է անցել Ստեփան Դեմիրճյանի հետ: