Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴՌՆՓԱԿ ԴԱՏՈՒՄ ԵՆ ՄԻՏԻՆԳԱՎՈՐՆԵՐԻՆ

Քաղաքականություն

Հունվարի 21-ին չարտոնված երթի մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պետերը, վստահված անձինք, ՀԺԿ եւ «Հանրապետություն» կուսակցության անդամներ:

Կենտրոն-Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի շենքի բակում հավաքվել էին ձերբակալվածների հարազատները, ընկերները, կուսակիցները: Նրանք պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին: Ըստ ներկաների, հիմնականում ձերբակալվել են այն վստահված անձինք, ովքեր բողոք-արձանագրություն են ներկայացրել ՏԸՀ նախագահներին ընտրախախտումների վերաբերյալ:

Դատն ընթանում էր դռնփակ. հավաքվածներին, լրագրողներին, նույնիսկ ԱԺ պատգամավորներին ՆԳ աշխատակիցները չթույլատրեցին մտնել դատարանի շենք:

ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը մի կերպ կարողացավ ճեղքել ոստիկանների շղթան եւ մտնել դատարան, բայց դատական նիստին մասնակցել նրան այդպես էլ չհաջողվեց: «Դատավորը բոլորի ներկայությամբ հայտարարեց, որ ինքն օրենք է խախտում, նիստը դռնփակ է անում, թույլ չի տալիս մասնակցել նիստին եւ ինչ կուզի կանի»,- շենքից դուրս գալով` հայտարարեց Արշակ Սադոյանը:

Հավաքվածները պահանջում էին հրապարակել դատավորի անունը: Արշակ Սադոյանը այդպես էլ չնշեց դատավորի անունը` իբր թե չգիտի, հավանաբար մտածելով դատավորի անվտանգության մասին: Իսկ ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը հավաքվածներին կոչ արեց ցրվել, «չենթարկվել իշխանության սադրանքներին եւ բախման մեջ չմտնել ոստիկանների հետ»:

«Դա իշխանության ռազմավարությունն է. ստեղծել լարվածություն, որպեսզի ընտրությունները մոռանալով հանրապետությունում մտցվի պարետային ժամ», - համոզված է Արշակ Սադոյանը: Հավաքվածները որոշեցին մնալ. «սա մեր իրավունքն է»:

Ձերբակալվածներին սպասվում է 15 օրյա կալանք, հետեւաբար նրանց մեծ մասը չի կարող մասնակցել ՀՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին: