Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՐԵՆՑ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Քաղաքականություն

Թեեւ ինքնաբացարկ անելու վերջնական ժամկետն արդեն վաղուց անցել է, բայց ՀՀ նախագահի եւս մեկ թեկնածու` ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը հայտարարեց մեկ այլ թեկնածուին` ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանին սատարելու մասին:

Դեմոկրատների համար դժվար էր կայացնել նման որոշում, քանի որ նրանք նպատակ ուներին գնալ մինչեւ վերջ: Սակայն, գաղափարական հենքն իրենց համար առավել կարեւոր էր եւ այդ հարցում` Ազգային համաձայնության իշխանության ձեւավորման վերաբերյալ, բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Զավենի Սարգսյանի հետ:

Բանակցությունները տեխնիկական պատճառներով հետաձգվեցին, այդ պատճառով էլ դեմոկրատ Արամ Սարգսյանը չհասցրեց ինքնաբացարկ անել:

«Այս տարիների ընթացքում Ստեփան Դեմիրճյանը միշտ կայացրել է ճիշտ որոշումներ եւ որեւէ մի որոշման համար ստիպված չի եղել պատասխան տալ: Նրան հաջողվել է պահպանել կուսակցությունը, հեղինակությունը եւ ժողովրդականությունը: Երկրի ղեկավարի համար անհրաժեշտ է, որ վճռական պահերին նա կարողանա ճիշտ որոշումներ կայացնել: Ընդանրապես մեկ անձը ամբողջ քաղաքականությունը միանձնյա վարել չի կարող: Դրա համար անհրաժեշտ է թիմ»,- իր վստահությունը ՀԺԿ թեկնածուի հանդեպ այսպես է բացատրում Արամ Սարգսյանը:

Իսկ այն, որ ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածուն մեկը չէ, այլ մի քանիսը Արամ Սարգսյանը ճիշտ ռազմավարություն է համարում:
«Միասնական թեկնածուն կարող էր ձեւավորվել, եթե համոզված լինեինք, որ բոլոր անակնկալները բացառվում են: Չակերտները չբացեմ: Ես ավելի շատ կարեւորում եմ, որ ժողովուրդն ինքը որոշի միասնականին»:

Արամ Սարգսյանն, այնուամենայնիվ, ստիպված էր բացել անակնկալների չակերտները, քանի որ լրագրողների շրջանում կասկածներ հնչեցին, որ ընդդիմությունը կարող էր սխալվել եւ իշխանության դրածո-թեկնածուին միանալ:

«Անակնկալ ասելով ես դա նկատի չունեի: Այս երկրում աղյուսները շատ են եւ մեկը կարող էր հանկարծակի ընկնել այդ մարդու գլխին»,- որոշակիացրեց ՀԴԿ ղեկավարը:

Դեմոկրատները գտնում են, որ իրենց միասնական թեկնածուին ընտրելիս ճիշտ որոշում են կայացրել: Դեմոկրատների կանխատեսումների համաձայն ընդդիմության այսօրվա ռազմավարությունը հնարավորություն է տալիս թեկնածուներից մեկին հաջողության հասնել հենց առաջին փուլում:

Դեմոկրատները, սակայն, չեն բացառում, որ երկրորդ փուլի հեռանկարնել է լուրջ: Բայց երկրորդ փուլը լինելու է երկու ընդդիմադիր թեկնածուների միջեւ:
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ Ստեփան Դեմիրճյանը հաղթի հենց առաջին փուլում»,- հայտարարեց ՀԴԿ ղեկավարը: