Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 ՏԱՐԻ ԱՅՍ ԿՈՂՄ, 10 ՏԱՐԻ ԱՅՆ ԿՈՂՄ...

Քաղաքականություն

Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը շարունակում է ծառայություններ մատուցել գործող նախագահին:

Այսօր դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց նախագահի 6 թեկնածուների հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանի:

Թեկանածուներ Արտաշես Գեղամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը /Հանրապետական կուսակցություն/, Գառնիկ Մարգարյանը, Վլադիրմիր Դարբինյանն ու Արամ Կարապետյանը փետրվարի 5-ի դիմումով դատարանից պահանջել են անվավեր ճանաչել Ռոբերտ Քոչարյանին տրված վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքները:

Դատարան ներկայացված փաստաթղթերում Ալվինա Զաքարյանը իր թույլ տված սխալները փորձել է հիմավորել ԽՍՀՄ օրենսդրությամբ. «Ակնհայտ է եւ անվիճելի, որ 1995թ. ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո, վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ հանրապետությունում մշտապես բնակվելու մասին սահմանադրական պահանջը հնարավոր է բավարարել`անպայման ընգրկելով նաեւ խորհրդային ժամանակաշրջանը»:

Ակնհայտ է, որ իր պատասխանում Ալվինա Զաքարյանը ասել է, որ Ռ Քոչարյանին հնարավոր չէ համապատասխան տեղեկանքներ տրամադրել միայն ՀՀ օրենսդրությամբ առաջնորդվելով, ինչպես մյուս «շարքային» թեկնածուների դեպքում:

Տիկին Զաքարյանը նաեւ նշել է, որ1989 թ-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի եւ ԼՂ-ի խորհրդարանի կողմից ընդունված վերամիավորման մասին որոշումը հռչակվել է ոչ միայն տարածքային, այլեւ քաղաքացիության միավորման առումով:

Դատարանը բավարար հիմք ընդունելով տիկին Զաքարյանի գրավոր բացատրությունները` Ռոբերտ Քոչարյանին տրված տասը տարի ՀՀ քաղաքացի լինելու եւ Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքների օրինականությունը վիճարկող նախագահի 6 թեկնածուների հայցը մերժեց:

Որքան էլ դատական համակարգը ջանք չի խնայում Ռոբերտ Քոչարյանի անօրինականությունները օրինականացնելու համար, նույնիսկ նրան չեն կարող հերքել, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ-ում չեր կարող բնակվել, մի պարզ եւ անհերքելի պատճառով, որ մինչեւ 97 թ-ը նա բնակվել է Ղարաբաղում, եւ երեւի Ռոբերտ Քոչարյանն էլ չի հերքի, որ ԼՂՀ նախագահ է եղել: Ռոբերտ Քոչարյանը երեւի նաեւ չի փորձի հերքել, որ մինչեւ 97 թ-ը ՀՀ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Սա միակ ապացույցը չէ, որ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում վերջին տաս տարիներում ՀՀ քաղաքացի լինել եւ, առավել եւս, մշտապես Հայաստանում բնակվել չէր կարող:

Հայցվոր նախագահի թեկնածուները Քոչարյանին տված Ալվինա Զաքարյանի տեղեկանքների օրինականությունը պատրաստվում են վիճարկել նաեւ երկրորդ դատական ատյանում: