Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՅԱՐԴԵՐՆ ԱՐԴԵՆ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ

Քաղաքականություն

Այն օրվանից, երբ նախագահական ընտրարշավը մտավ վերջնական փուլ եւ թեկնածուների միջեւ պայքարն ավելի թեժացավ որոշ թեկնածուների կողքին գտնվելը վտանգավոր է դարձել կյանքի համար:

Վերջին օրերին տարբեր մարզեր ընտրողների հետ հանդիպումների գնացող ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի եւ նրա կողմնակիցների շարասյան ճանապարհին, զարմանալի պատահականությամբ հանդիպում են «Կամազ», «Ուրալ» մակնիշի հզոր ավտոմեքենաներ, որոնց վարոդներն այնքան էլ լավ ծանոթ չեն երթեւեկության կանոններին: Արդեն մի քանի անգամ գրանցվել է դեպք, երբ այդ ավտոմեքենաները փորձել են փակել շարասյան որոշ մեքենաների ճանապարհը:

Մի քանի ապարդյուն փորձերից հետո որսը ՀԺԿ-ական ավտոմեքենաների վրա ի վերջո հաջողվեց:

Ապարան քաղաքում «Ուրալ» մակնիշի մեքենան հանկարծակի փակելով ճանապարհի ամբողջ երթեւեկելի հատվածը ստեղծեց վթարային իրավիճակ: Արդյունքում` «Գազ-31» մակնիշի ավտոմեքենան, որի ապակիների վրա փակցված էր Ստեփան Դեմիրճյանի նկարները, բախվել է ճանապարհը փակած ավտոմեքենային հետ:

Ճանապարհները փակողները, սակայն, լավ չէին հաշվարկել, թե որ ավտոմեքենային ընթացքը խանգարեն: Վթարի ենթարկված ավտոմեքենան, հանդիպումների վայր էր տեղափոխում լրագրողների, որոնց թվում էր նաեւ «Այբ-Ֆե» թղթակիցը:

Ի դեպ, ՀԺԿ-ական շարասյան ճանապարհին «Կամազ»-ներ են դուրս եկել նաեւ, երբ Ստեփան Դեմիրճյանը վերադառնում էր Մեղրիի ընտրողների հետ հանդիպումից: Հետաքրքիրն այն է, որ Ապարան քաղաքում ճանապարհը փակող ավտոմեքենան պատկանում է Պաշտպանության Նախարարությանը:

Վթարի ենթարկված ավտոմեքենայի ուղեվորների պահանջը` վթարի վայր հրավիրել ոստիկանների, այդպես էլ չբավարարվեց: Փոխարենը եկավ Ապարանի քաղաքապետը, հեռվից ուշադիր հետեւեց իրավիճակին, հավաքված ապարանցիներին ոմանց տվեց ինչ-որ ցուցմունքներ եւ հեռացավ: