Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ԱՀԱԲԵԿՎՈՒՄ Է

Տնտեսություն

ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը երկարատեւ դադարից հետո հանդիպեց լրագրողների հետ եւ ներկայացրեց ԿԲ դրամավարկային 2003 թվականի քաղաքականությունը:

Արցյալ տարվա եւ ապագայի վերլուծությունը Տիգրան Սարգսյանից պահանջեց երկար ժամանակ: ԿԲ նախագահը 50 րոպե շարունակ միապաղաղ ձայնով ընթերցում էր վերոհիշյալ ծրագիրը, որը համառոտ ներկայացված էր տպագիր 20 թերթի վրա եւ նախօրոք բաժանված էր լրագրողներին:

Տպավորություն էր ստեղծվում, որ ԿԲ նախագահը նման ռազմավարությունն ընտրել էր լրագրողներին «բժժացնելու» եւ զգոնությունը նվազեցնելու համար: Այդ ռազմավարությունը Տիգրան Սարգսյանին չփրկեց, որ հենց սկզբից իրեն չհարցնեն ԿԲ-ում տարածված կոռուպցիայի մասին: Ավելի կոնկրետ` Տիգրան Սարգսյանին մեղադրում են նրանում, որ ԿԲ վերահսկողության վարչության պետ նշանակելու համար նա կաշառք է վերցրել 150 000 դոլարի չափով:

Նա փորձեց բացահայտել, թե ինչի վրա է ծախսել այդ գումարը: «Եթե հարցը սենսացիոն է, նույնպես սենսացիոն էլ պատասխանեմ: Ձեռք եմ բերել մի դղյակ Միջերկրական ծովի ափին»:

Դրանից հետո նա աշխատեց ավելի լուրջ վերաբերվել հարցին եւ նշեց, որ ԿԲ վարչության պետերի պաշտոնն արժե 4,5 մլն. դրամ` նկատի ունենալով այդ աշխատակիցների տարեկան աշխատավարձը:

Իսկ տարածվող լուրերը Տիգրան Սարգսյանը բացատրում է նրանով, որ բանկային ոլորտի առողջացման համար ծանր պայքար է սկսել օրինախախտ բանկերի դեմ: Արդյունքում` այդ բանկերի հետ կապ ունեցող կրիմինոգեն տարրերը վարկաբեկում են ԿԲ ղեկավարությանը:

ԿԲ նախագահը խոստովանում է, որ ինքն ու վարչության պետերը նույնիսկ սպառնալիքներ են ստանում: Դրանց մասին ԿԲ աշխատակիցներն արդեն հայտնել են համապատասխան կառույցներին:

ԿԲ-ն դատախազություն է հայտնել նաեւ 9 առեւտրային բանկերի մասին տեղեկատվություն: Այդ բանկերում իրականացվել են ուսումնասիրություններ եւ հայտրաբերվել են քրեորեն դատապարտելի գործունեություն: Օրինակ` Կրեդիտ-Սերվիս բանկում ուսումնասիրություններն անց է կացրել միջազգային աուդիտորական կազմակերպություն: Ուսումնասիրություններն իրականացվել են 13 ուղղություններով եւ 13 հատոր հանձնվել է դատախազությանը:

Անտեսելով բոլոր սադրանքները, Տիգրան Սարգսյանը պատրաստվում է շարունակել իր պայքարը առեւտրային բանկերի դեմ` ՀՀ բանկային ոլորտն առողջացնելու նպատակով:

Ի դեպ, դրամավարկային քաղաքականության մասին խոսելիս, Տիգրան Սարգսյանը չզլացավ եւս մեկ անգամ անդրադառնալ արձանագրված բոլոր տեսակի աճերին:

Սովորական դարձած այդ խոսակցություններից նորությունը միայն այն էր, որ ըստ Տիգրան Սարգսյանի, ՀՀ շարքային քաղաքացին այդ աճերն ակնհայտ կազգա մի քանի տարուց, քանի որ նկատվում են աշխատավարձերի բարձրացման միտումներ:

ԿԲ նախագահը 2003 թվականին նույնպես աճեր է կանխատեսում, բայց մեկ նախապայմանով` եթե երկրում պահպանվի կայություն: Իր այդ խոսքը Տիգրան Սարգսյանը փորձեց չկապել ՀՀ նախագահական ընտրությունների եւ որեւէ թեկնածուի հետ:

«Օրենքով, ԿԲ-ն չի զբաղվում քաղաքականությամբ եւ ես չէի ուզենա, որ դուք մեզ ներքաշեք դրա մեջ»: Այդուհանդերձ նրա խոսքում հնչեց թեթեւ քարոզչություն, երբ նշվեց, որ «եթե վերջին 5 տարիների կայունությունը պահպանվի, ապա սպասվող աճը 6 տոկոսի փոխարեն կկրկնապատկվի»: