Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

04/02/03 <p>ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԻԼՅԱ ԿԼԵԲԱՆՈՎԸ

Տնտեսություն

ՌԴ արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի այցերը Հայաստան մշտապես կապված են ռուսներին ունեցած մեր պարտքերի հետ: Այս անգամ էլ, նրա գալով հստակեցվելու է Մեծամորի ատոմակայանի օգտագործած միջուկային վառելիքի համար պարտքը մարելու եւ նոր վառելիք գնելու բանաձեւը:

Միջուկային վառելիքի պարտքի հարցը ընդգրկված է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի օրակարգում: Կլեբանովն ասում է, որ մի քանի օր առաջ հայկական կողմին փոխանցել են պարտքը մարելու իրենց առաջարկները եւ սպասում են պատասխանի: Երկրորդ օրն է, ինչ Հայաստանում է ՌԱՕԵԷՍ-ի ներկայացուցիչը:

Ռուսական լրատվամիջոցները դեռ անցյալ ամիս, Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում հրապարակեցին այսօր կնքվելիք համաձայնության մանրամասները: Ըստ այդ հրապարակումների, ՌԱՕԵԷՍ-ը ՀԱԷԿ-ի միջուկային վառելիք տրամադրող ՏՎԷԼ ընկերությանը վճարում 40 մլն ԱՄՆ դոլար` մարելով նախորդ տարիների 32 մլն պարտքը եւ 8 մլն մուծելով վառելիքի նոր խմբաքանակի համար: Փոխարենը Մեծամորի ատոմակայանը հավատարմագրային կառավարման է հանձնվում ՌԱՕԵԷՍ-ին: 40 մլն դոլարի դիմաց Հայաստանը նաեւ գրավադրում է Սեւան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը:

Հայաստանի պաշտոնյաները շտապեցին հերքել ռուսական լրատվամիջոցների տեղեկատվությունը, ասելով, որ պարտքի մարման վերջնական բանաձեւը հստակեցված չէ: Ըստ երեւույթին, հայկական կողմն ամեն կերպ փորձում է գործարքն իրականացնել առանց Սեւան-Հրազդան կասկադի գրավադրման:

Հայաստանի կառավարության հրապարակած տեղեկատվության համաձայն, 40 մլն դոլարը նախատեսվում է մարել արտահանվող էլեկտրաէներգիայի համատեղ վաճառքի հաշվին:

ՌԱՕԵԷՍ-ը, առանց քննարկվող բանաձեւի էլ, հնարավորություն ունի վաճառել հայաստանյան էլեկտրաէներգիա: Հրազդանի ՋԷԿ-ը շուտով կփոխանցվի ռուսներին: Սակայն, համեմատության համար նշենք, որ ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ինքնարժեքը 3-ից 4 դրամ է, ԱԷԿ-ինը` 7 դրամ, իսկ ՋԷԿ-նը` 17-18 դրամ: Տարբերությունն ակնհայտ է:

Ի դեպ, Հրազդանի ՋԷԿ-ը, որպես սեփականություն ստանալով եւ եւ ՀԱԷԿ-ը կառավարելով, Ռուսաստանը կտնօրինի Հայաստանի էներգետիկ հզորության 80%-ը:

ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարումը ռուսներին հանձնելու գործընթացը ընկալվում է, որպես Հայաստանում Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը մեծացնելու քայլ եւ «գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շարունակություն: Կլեբանովն այս տեսակետն պատասխանում է դիվանագիտորեն.«եթե կարծում եք, որ ներդրումը դիրքերի ամրապնդում է, ապա այո, այդպես է»:

Ի դեպ

Կլեբանովը ցրում է մտավախությունները, թե Հայաստանը պարտքի դիմաց ռուսներին գույք փոխանցած միակ երկիրն է: «Ես մի քանի հանձնաժողով եմ ղեկավարում` Հնդկաստանից մինչեւ Անգոլա, բոլոր երկրներում էլ այդ խնդիրը կա»,- ասում է Կլեբանովը: Նա պատմում է, որ, մասնավորապես Հնդկաստանում «գույք պարտքի դիմաց» գործընթացը մտել է ավարտական փուլ եւ շուտով կավարտվի: