Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՎՐՈԲԱՆԿԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ

Տնտեսություն

Եվրոբանկը մտադրվել է մինչեւ այս տարեվերջ մուտք գործել Հայաստան: Կառույցը հետաքրքրված է ՀՀ մասնավոր բանկերից մեկի` Հայէկոնոմբանկի կապիտալում իր մասնակցությամբ:

Ամենայն հավանականությամբ Եվրոբանկը կմասնավորեցնի Հայէկոնոմբանկի բաժնետոմսերի մինչեւ 25 տոկոսը: Եվրոբանկն` իրեն այդչափ հետաքրքրած հայաստանյան բանկի հետ միասին ընդհանուր առմամբ իրականացրել են 1,5 մլն. դոլարի վարկեր: Այդ վարկերը հիմնականում տրվում են արտադրության եւ սպասարկման փոքր եւ միջին ձեռնարկատերերին, համեմատաբար, ցածր` 16-22 տոկոսադրույքներով:

«Հայէկոնոմբանկի հետ մեր առաջին ծրագրի հաջող իրականացումը խթան հանդիսացավ մեր ապագա համագործակցության համար»,- ասում է Հայաստանում եւ Վրաստանում Եվրոբանկի ներկայացուցիչ Նիկոլայ Հաջիյսկին:

Հայաստանյան բանկի հետ Եվրոբանկի առաջին համագործակցությունը եղել է 2000 թվականին, երբ 5 տարի ժամկետով կնքվեց 1 մլն. դոլարի վարկային պայմանագիրը:

Երեկ երկու բանկերի միջեւ կնքվեց եւս մեկ պայմանագիր: Դրանով Հայէկոնոմբանկին կտրամադրվի 500 000 դոլարի երաշխիք, որպեսզի օժանդակվի բանկի հաճախորդների վճարային պարտավորությունների կատարումը` ապրանքների արտահանման եւ ներմուծման գործառնությունների իրականացման համար:

Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենը կանխատեսում է, որ նոր պայմանագիրը կխթանի արտահանումը եւ կնպաստի հայկական ձեռնարկությունների մուտքին միջազգային շուկաներ:

Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը գնահատելով Հայէկոնոմբանկի աշխատանքը նշեց, որ այդ բանկի ռիսկայնությունը շատ ցածր է: Նա նաեւ կարծում է, որ «չափազանց կարեւոր է, որ համագործակցությունն իրականացվում է ուղղակի հարաբերությունների միջոցով` Հայէկոնոմբան-Եվրոբանկ, առանց կառավարության միջամտության, առանց պետական երաշխիքների...»: