Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա1+- Ը ԴԱՏԱՐՍՆ ԿԴԻՄԻ ՀԱԿԸՆԴԵՄ ՀԱՅՑՈՎ

Քաղաքականություն

Ա1+ հեռուստաընկերությունը հերթական անգամ զրկվեց հաճախականությունների մրցույթին մասնակցելու առիթից: Այդ առթիվ «Այբ-Ֆե»-ի թղթակցի հարցերին պատասխանում է հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը

-Ինչպե՞ս եք գնահատում 5 հեռուստաընկերությունների ներկայացրած դատական հայցն ընդդեմ հանձնաժողովի հաճախականությունների մրցույթից մեկ օր առաջ:

-Այսքան խելոք մարդ մի երկրում երեւի շատ է: Հենց այդ պատճառով այսօրվա իշխանությունները երբեք հաջողություն չեն ունեն: Պնակալեզների բանակը գնալով շատանում է նրանց մեջ: Ես համաձայն եմ ընդունել այն կարծիքը, որ իշխանությունների արձանագրած «առաջընթացի ու աճի» խանգարողն Ա1+-ն էր: Ես դրանով հպարտանում եմ: Բայց ափսոսում եմ այն երկիրը, որը Նարեկացի, Չարենց, Ենգիբարով եւ Հրանտ Մաթեւոսյան է ծնել: Ափսոսում եմ մեր անցյալը:

-Հիմա՞ որն է լինելու Ա1+-ի անելիքը:

-Համենայնդեպս, չէի ասի, թե իշխանավորներին հաջողվեց կոտրել Ա1+-ի ոգին: Պարզապես նրանք մի համախմբված եւ երիտասարդ կոլեկտիվի ստիպեցին խախտել լրագրողական էթիկան եւ այսուհետ լինել կողմնապահ եւ սուբյեկտիվ:

-Իսկ կոլեկտիվը քաղաքական ապաստարան ստանալու խնդրանքով դիմելու՞ է դեսպանատներին:

-Այսօր ժողով կհրավիրենք, որտեղ ես կոլեկտիվին կբացատրեմ, որ վաղաժամ է դեսպանատներին դիմելու համար պատրաստած մեր դիմումը ներկայացնելը: Ես հիմա պատրաստվում եմ հակադիր հայցով դատարան դիմել: Այն հեռուստաընկերություններն առանց լիցենզիայի եթերում են արդեն մի քանի ամիս: Նրանց հայցի մեջ ես տեսնում եմ անհեթեթ միտում կանգնեցնել մի մրցույթ, որը հետագայում անցկացնելն իմաստ չի ունենա: Խախտվում է միրցույթի գաղափարը: Ի՞նչ է նշանակում վերանայել եւ փոխել 7 տարվա համար գրված մի նախագիծ, որը հետ եք վերցնում միայն այն պատճառով, որ մրցույթին մասնակցելու է Ա1+-ը: Կարծես թե դա նորություն էր: Եվ հետո, ի՞նչ է փոխվել 2 ամսվա ընթացքում, որ ուզում եք վերանայել եւ փոխել ձեր ծրագրերը:

-Ձեր կարծիքով Ամալյանը խեղկատակ չի դառնու՞մ անընդհատ դատավարությունների մեջ ներքաշվելով:

-Եթե ընդունենք, որ ամեն ինչ ճիշտ է, այսինքն, հեռուստաընկերությունները չեն խախտում օրենքը դատարան դիմելով, իսկ դատավորներն էլ չեն խախտում օրենքն այդպիսի հայցն ընդունելով, այդ դեպքում, ու՞մ է Քոչարյանը դրել մի պաշտոնի, որին ով պատահի դատի է տալիս: Իսկ Քոչարյանին ուզում եմ հարցնել. «Այդ մարդը եւ նրա հանձնաժողովի անդամներն այսքան դատավարություններից հետո ի՞նչ գործ ունեն հանձնաժողովում»: Ինչքա՞ն կարող է շարունակվել այս ամենը: Եթե ընտրվեք` 5 տարի՞ էլ են դատական պրոցեսներ լինելու այս մրցույթի շուրջ, իսկ եթե չընտրվեք` 1 ամի՞ս: Չարժե «Աշխատենք միասին»-ը դարձնել կարգախոս, երբ մի ամբողջ կոլեկտիվի զրկել ես աշխատանքից: