Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՏԱՑԱՆ «ԵՐԵՔ»

Քաղաքականություն

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, հունվարի 20-ից 31-ը կսկսվեն նախարարությունների եւ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների` 2002 թ. գործունեության հաշվետվությունների քննարկումները: Գործադիրին առաջինը հաշվետվություն տվեցին առողջապահության, գիտության եւ կրթության նախարարությունները:

Առողջապահության նախարարության հաշվետվությունում նշված է, որ 2002 թվականի ընթացքում ժողովրդագրական ցուցանիշները գրեթե չեն փոխվել: Վերջին 10 տարիների ընթացքում ծնելիության անկումը կանգ է առել, նույնիսկ գրանցվել է դրական տեղաշարժ: 2001- ի առաջին 9 ամիսներին ծնվել է 26184 երեխա, 2002- ի նույն ամիսներին 26703 երեխա: 2002 թվականին ժողովրդագրական ցուցանիշները կկազմեն` (1000 բնակչի հաշվով) ծնելիությունը` 8.5, բնակչության ընդհանուր մահացությունը` 6.5, բնական աճը` 2.0 , 1999- ին` 15.4 , իսկ 2002-ին կանխատեսվում է 14.8 %:

Ըստ Հանրապետության հիգիենիկ եւ հակահամաճարակային վարչության տվյալների, 2002 թ. ընթացքում համաճարակ չի բռնկվել: Նահանջում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են դիվթերիան, կարմրուկը, կապույտ հազը, իսկ վերջին 7 տարում պոլիոմելիտի դեպք չի գրանցվել:

Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը նշեց նաեւ 2001-ից սկսված նախարարությանն ունեցած պետբյուջեի նախորդ տարիների պարտքերի մարման մասին:

Գիտության եւ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը խոսեց կրթության առաջնային ուղղությունների մասին: Մասնավորապես` կրթության կառավարման համակարգի եւ օրենսդրական դաշտի կատարելագործման, կրթության որակի ապահովման, նյութատեխնիկական եւ ուսումնամեթոդական հիմքի բարելավման եւ կրթական այլ ուղղությունների մասին:

Ըստ հաշվետվության, կառուցվել է 20 դպրոցական շենք, ավարտվել է 3 դպրոցների անավարտ շենքերի կառուցումը, 100 դպրոցներում իրականացվել են շին- վերանորոգման աշխատանքներ եւ այլն:

Ավելացնենք միայն, որ գործադիրը երկու նախարարությունների «անթերի» հաշվետվությունները գնահատեց բավարար :