Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԳԱԶ Է ՏԱԼԻՍ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

Մարզեր

Մարտունի քաղաքում վերականգնել են գազամատակարարումը: Արդեն 1400 ընտանիք օգտվում է բնական գազից:

«ՀայՌուսգազարդի» տեղական մասնաճյուղի ղեկավար Ավետիք Խաչատրյանն ասում է, որ արդեն 200 բաժանորդի գազ անջատել են: «Չեն վճարում»,-գանգատվում է պաշտոնյան:

«Մարդկայինը կամաց-կամաց զիջում է»,-ասում են մարտունեցիները:

Վերջին մի քանի օրում այս քաղաքում տեղացած ձյունն նստել է մոտ 45 սանտիմետր: Դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը քաղաքում արձանագրվեց 31 աստիճան ցուրտ:

Պարոն Խաչատրյանը մարդկայինը կարեւորելու խնդիր չունի: Նա վստահեցնում է, որ մարտունեցիների մեծ մասն ամբողջ ամառ աշխատում է Ռուսաստանում: Հաստատ վճարելու գումար կունենան եթե վերադարձել են:

Չնայած դրան, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը վերջին 13 տարում քաղաքում ոչ մի նորակառույց շենք չի արձանագրել:

Բաժնի պետ Էդիկ Օհանյանն ասում է, որ քաղաքում կան կոմունիստներից մնացած կիսակառույցներ: Վերջին երկու տարում կառուցվել է միայն ոստիկանության շենքը եւ մեկ դպրոց:

Զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար Ժիրայր Գալստյանը տեղեկացնում է, որ քաղաքում պաշտոնական գործազրկությունը 3,6 տոկոս է, ստվերային գործազրկությունը` 15 տոկոս: Նույն կենտրոնի տվյալներով քաղաքում գործատու կազմակերպությունների թիվը հասնում է 350-ի: 20 հոգի աշխատում է կենցաղային իրեր արտադրող «Սիգմա» ձեռնարկությունում, եւս 70-ը գորգ են արտադրում:

Մի քանի տասնյակ մարդ 16 հազարանոց այս քաղաքում հացի արտադրությամբ է զբաղված: Ահա աշխատատեղերի ամբողջ քանակը, որոնցից ոչ մեկն ի դեպ պետական չէ:

1641 մարդ է հաշվառված զբաղվածության տարածքային կենտրոնում: Սա ոչ միայն Մարտունի քաղաքի, այլեւ տարածաշրջանի 16 գյուղերի ցուցանիշն է:

11 հազար 600 է թոշակառուների թիվը: Այս թիվը կենսաթոշակային հիմնադրամի նախագահն ասում է իբրեւ պետական գաղտնիք:

Ավելի քան 11 հազար մարդ կենսաթոշակ է ստանում ոչ մի տեղ չաշխատող տասնյակ հազարների միջոցներից: Իրենց ապրելակերպը մարտունեցիները բնորոշում են այսպես. «Ամեն մեկը մի կովի, մի ոչխարի պոչից կախ է»:

Քաղաքի մեծամասնությունը սնվում է տապակած կամ խաշած կարտոֆիլով, ինչպես նաեւ` թթու դրած կաղամբով: Օղին ընդունված խմիչք է, բայց հնարավորությունների հարց է:

Այնուամենայնիվ, արտագնա աշխատանքի մեկնածների ուղարկած գումարը մարտունեցիների գոյատեւման հիմնական միջոցն է: Քաղաքում չկա մի կազմակերպություն, որը կարողանար ասել, թե քանիսն են Ռուսաստանում: Մարդկանց թիվն այստեղ անհրաժեշտ է եղել միայն մարդահամարի համար:

Վիճակագրության վարչությունն ամբողջ տարածաշրջանում հաշվել է ավելի քան 92 հազար մարդ: Մարտունեցիները գիտեն, որ այս թիվը նախագահական ընտրություններում կանի իր գործը:

Ի դեպ նրանք չեն հիշում, որ անցյալ տարի որեւէ մեկը թակեր իրենց դուռը եւ ասեր այն մասին, որ ինքը «մարդահաշիվ» է: Նրանք հիշում են, որ ամբողջ տարածաշրջանում 91 թվականին հաշվում էին մինչեւ 90 հազար մարդ:

Արայիկ Թարփոշյանի հայրը այժմ Ռուսաստանում է, սակայն գրանցումից դուրս չի եկել եւ փետրվարին էլ այստեղ չի լինի: Լիպարիտ Երանոսյանի երկու եղբայրներն անվերադարձ հեռացել են Ռուսաստան:

Երիտասարդները հիմնականում կենտրոնացած են «Վանեվան» համալսարանում, որտեղ վճարովի հիմունքներով սովորում է 130 երիտասարդ: Սա իրականում երեւանյան մի մասնավոր համալսարանի մասնաճյուղ է, որը մեկ այլ համալսարանի աջակցությամբ պետական դիպլոմներ է շնորհում:
«Էդ կարող եք գրել, որ շատ դժվարությամբ ենք տակից դուրս գալիս»,-ասում է համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր ագիկ Դավթյանը:

Երիտասարդ տղաների հավաքատեղին համալսարանի մոտ գտնվող մի սրճարան է: Այստեղ երիտասարդը երիտասարդի ոտքին նստած ինչ-որ բան է պատմում: Դա նրանց սեռական կողմնորոշումը չէ միայն տղաներով լեցուն այդ սրճարանում:
«Իրանք ավելի ընկեր են»,-ասում է սրճարանի աշխատողը:

Համալսարանի հարեւանությամբ 680 աշակերտով գործում է թիվ 2 դպրոցը: 92-ին, ըստ տնօրեն Վրույր Ավետիսյանի, դպրոցն ունեցել է 1110 աշակերտ:
«Միայն 6 խումբ 5-րդ դասարան ունեինք»,-ասում է պարոն Ավետիսյանը: Վերջինս հիշում է, որ այս ուսումնական տարվա սեպտեմբերից մինչեւ հիմա 19 երեխա է ճանապարհել Ռուսաստան:

Ուսուցիչների աշխատավարձի բարոմետրն այստեղ օղին է. «Ութ հազար դրամն ի՞նչ է, երկու շիշ արաղի փող կամ մեկ ամսվա լույսի վարձ»:

Ի դեպ այստեղ ձմռան ահավոր ցրտին օղի խմելը մեծ մեղք չի համարվում: Համալսարանի տնօրենն իր ցուրտ սենյակում մի բաժակ օղի է առաջարկում: Դպրոցի աշխատակիցները խմում են վշտից` 5 օր առաջ երկու հոգի ուսուցչանոցից գողացել են արտասահմանյան հեռուստացույցը եւ տեսամագնիտոֆոնը: Օղու բաժակով տղամարդ աշխատակիցները մխիթարում են ծեր պահակին, որը գողության պահին տանն էր, բայց հասցրել է տեսնել հանցագործներին:

ՆԳ անչափահասների բաժնի տեսուչ Լուսինեն, որը համալսարանում «Իրավագիտություն» է դասավանդում, ասում է, որ անչափահասների հիմնական հանցանքը «չարամտորեն դասերից խուսափելն է»:

Նախկինում, ըստ Լուսինեի, երեխաներն զբաղվում էին նաեւ ալյումինի գողությամբ: «Հիմա ալյումինը վերջացել է»,-ասում է իրավագիտության մասնագետը: Նա երիտասարդ, հմայիչ աղջիկ է: Դասավանդում է իր հասակակիցներին, նաեւ հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանյալ Վռամ Գալստյանի որդուն, որի մայրն իբրեւ ուսման վարձ վերջերս 40 հազար դրամ է մուծել բուհի հաշվապահություն:

Երիտասարդները դժգոհում են ժամանցի վայրերի բացակայությունից: Նրանք նաեւ դժվարությամբ են ամուսնանում: Մարտունիում այս տարի ամուսնացել է 40 զույգ:

Վիճվարչությունը տեղական հեռուստատեսությամբ հրապարակել է տվյալներ, ըստ որոնց, 2002 թվականի 11 ամիսների ընթացքում 92 հազարանոց տարածաշրջանում ծնվել է 82 երեխա: Մահացել է 36 հոգի:

Տեղացիներն այս թիվն անհավանական են համարում: «Մարդու հետ մի բաժակ բան ես խմում, մեկ էլ լսում ես, որ իրիկունը մահացել է»,-ասում է Սյոմա Մարկոսյանը:

Քաղաքում փոքր-ինչ եղանակ է ստեղծում «Զանգակ» հեռուստաընկերությունը: Վերջինս ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին: Մինչ այդ հաղորդում է շնորհավորանքներ. «Լոս-Անջելեսից տատիկը շնորհավորում է սիրելի թոռնիկի` Արմենի ծննդյան օրը», կամ «Մոսկվայից հորաքույրը շնորհավորում է սիրելի Թամարայի ամուսնության 5-րդ տարեդարձը»:

Ըստ «սեզոնի» ակտիվանում են բանակ մեկնող որդիներին ուղղված շնորհավորանքները: Աշխատակիցներն ասում են, որ վերջերս ստիպված են եղել հաղորդել այդպիսի 85 շնորհավորանք` երեկոյան 18.00-ից մինչեւ 22.00-ն: Այսինքն, 85 հայր կամ մայր հնարավորություն է ունեցել հեռուստաընկերությանը մուծել 1500 դրամ, որպեսզի Արամ Ասատրյանի կամ Թաթայի «կլիպի» ուղեկցությամբ մյուս մարտունեցիներին տեղեկացնեն իրենց որդու բանակ մեկնելու մասին:

Նախընտրական Մարտունին փոքր-ինչ քմահաճ է: Առավոտ ցրտին վաճառասրահի մուտքի մոտ կանգնած մարդն ասում է.«Ես կընտրեմ այն թեկնածուին, ով էս ղյամաթին ինձ տնից դուրս կհանի»:

Երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն բացել է իր նախընտրական շտաբը: Դա առաջին շտաբն է: Այն մարտունեցիների հավաստմամբ գլխավորում է Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գլխավոր շինարար Վազգեն Պողոսյանը:
«Աստծուն դորդ ու բեշ ա արել, հիմա էլ նախագահին ա անում»,- արագորեն արձագանքում են տեղեկացողները:

Այստեղ ոմանք համոզված են, որ գործող նախագահին այլընտրանք չկա:
«Հըմեն ինչ դասավորված է»,- ասում է ուսուցչուհի Կարինե Խաչատրյանը: Այս տպավորությունն ուսուցչուհին ստացել է հայկական հեռուստաեթերին հետեւելով:

Ի դեպ տեղացիները համոզված են, որ ամենախիտ բնակչությունն ունեցող տարածաշրջանի ձայներով է որոշվելու Գեղարքունիքում որեւէ թեկնածուի առավելությունը:

Հենց սրանով էլ նրանք բացատրում են մարզում գործող նախագահի առաջին շտաբի բացումը: