Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՍԴ

Քաղաքականություն

ԿԸՀ-ի կողմից Սերժ Սարգսյանին նախագահ ճանաչելուց հետո, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում է Սահմանադրական դատարան` փետրվարի 19-ի ընտրությունները արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

«Եթե ուզում ենք հասնել մեր նպատակին, երկրում հաստատել օրենքի իշխանություն, տեր կանգնել մեր երկրին, ապրել հպարտ, արժանապատիվ կյանքով, այս գիշեր այս հրապարակում լինելու է տասը հազար մարդ` ինձ հետ միասին: Քանի դեռ այս հրապարակը կանգուն է, Սերժ Սարգսյանը այս երկրի տերը չէ: Վաղվանից սկսած` մեր հանրահավաքները պետք է տասնապատկվեն, հարյուրապատկվեն: Ես կոչ եմ անում մեր բոլոր ուսանողներին, որ բոլոր ԲՈՒՀ-երի դռներն իրենց համար փակ համարեն մինչեւ այն ժամանակ, քանի դեռ մենք չենք տոնել մեր հաղթանակը»,- երեկոյան ելույթում ասաց Առաջին նախագահը:

Նա նաեւ հայտարարեց, որ վաղը ժամը 15.00-ին, ինչպես միշտ, կլինի հանրահավաքի սկիզբը, որը կարող է բաղկացած լինել մի քանի հանրահավաքներից: «Քանի որ աշխատանքային օր է, երեքին կսկսենք, երթով կընդմիջենք, եւ ժամը հինգին- հինգ անց կես կսկսենք հիմնական հանրահավաքը, որը ես համոզված եմ` այլեւս այս հրապարակը կարող է չտեղավորել»,- ասաց նա:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ իր գոհունակությունը հայտնեց ընտրությունների հաջորդ օրվանից սկսված հանրահավաքային շարժման մակարդակից. «Հինգ օրվա ընթացքում մեր ժողովուրդը խաղացել է գրոսմայստերական մակարդակով, ոչ մի շեղում, ոչ մի թերություն չի եղել: Հանրահավաքի ազատագրական ոգին ահպայման հասնելու է իր հաղթական ավարտին»:

Այս խոսքերի արանքում հրապարակը պայթում էր «հաղ-թա-նակ, պայքար, պայքար մինչեւ վերջ» վանկարկումներով: