Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿՓՐԿԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻՑ

Տնտեսություն

Հարկային մարմինների արդար աշխատանքի համար, պարզվում է, պակասում էր զինանշանը:

Մի քանի օր առաջ լուծարված Պետեկամուտների նախարարությունն այսօր վերածվել է ՀՀ հարկային ծառայության եւ Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ծառայության զինանշանի նախագիծը:

Այս ամենի շարքում ամենագեղեցիկը զինանշանի գաղափարն է: Զինանշանի վրա պատկերված է Արարատ լեռը, որի վրա իր հերթին` հավասարակշռությունն է պահպանում արդարության նժարը:

Այդ նժարների հավասարակշռությունը ապահովելու համար, սակայն, ստեղծվել է մի կարեւոր նախապայման. ծառայության աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են:

Այսպիսով փորձ է արվել կանխել հարկային մարմինների աշխատակիցների չարաշահումները:

Ենթադրվում է, որ այդ քայլից հետո ծառայության աշխատակիցները պետք է իրենց ամբողջ ուժերն օգտագործեն Հայաստանի տնտեսությունում ստվերային գործունեությունն ի սպառ վերացնելու ուղղությամբ:

Դրա համար նաեւ ՀՀ հարկային օրենքներում իրականացվելու են մեկ տասնայիկի հասնող փոփոխություններ: Դրանք այսօր քննարկվել են Կառավարությունում եւ հավանության արժանանալու դեպքում հաստատման նպատակով մոտ օրերս ներկայացվելու են ԱԺ-ին:

Մասնավորապես նշվում է, որ այդ փոփոխությունների արդյունքում հարկատուների հարկային բեռը չի բարձրացվում, հարկատուների տարվա ընթացքում կրկնակի, եռակի եւ այլ ստուգումների «խաղի կանոնները» չեն փոխվում , ավելի խստացվելու է հարկային օրինախախտումների դեպքում նախատեսվող պատժամիջոցները:

Փոփոխությունները պատրաստողները հավաստիացնում են, որ այդ բարեփոխումների արդյունքում փոքր եւ միջին ձեռներեցները, միեւնույնն է, պաշտպանված են լինելու:

Նաեւ նշվում է, որ այդ բարեփոխումները միտված չեն 2003 թվականի բյուջեն կազմավորելու համար:

«220 միլիարդի հարկային եկամուտներ են նախատեսված բյուջեում եւ հավանաբար կեսից ավելին հարկային մարմիններին ենթակա ցուցանիշներն է լինելու: Մեր ամբողջ հույսը միայն աշխատանքի, «Հարկային ծառայության մասին» օրենքի գործողության պայմաններում մեր ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ ստվերային շրջանառությունների կրճատման հաշվին ավելացումն է», - ասում է ՀՀ հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Արմեն Ալավերդյանի տվյալներով այսօր Հանրապետությունում գրանցված է 60 000 անհատ ձեռներեց:

Պաշտոնյան գտնում է, որ այդ թվով պետք չէ զարմացնել աշխարհին, անհրաժեշտ է մաքրել այդ դաշտը եւ ստվերի կրճատման արդյունքում ունենալ ռեալ ձեռնարկատերեր: