Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԵԿԱՎ

Հասարակություն

ՆԳ մարմիններն այսօր ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին բերման չենթարկեցին: Հոկտեմբերի 27-ի գործով տուժող երեւանցի պատգամավորը դատարան էր ներկայացել ինքնակամ :

Ենթադրվում էր, որ Հակոբ Հակոբյանը դատարանից խուսափում է իր նախաքննական ցուցմունքների պատճառով: Համաձայն դրանց, հոկտեմբերի 27-ի ողբերգությունից 10-15 րոպե առաջ տուժողը ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանին տեսել է դահլիճից դուրս գալիս: Մուշեղ Մովսիսյանը հայտարարում էր, որ ինքը ԱԺ դահլիճից դուրս չի եկել:

Հակոբ Հակոբյանն այսօր հաստատեց իր նախաքննական ցուցմունքները: Պատգամավորը հայտարարեց, որ ինքը Մուշեղ Մովսիսյանին հանդիպել է դռների մոտ, երբ ինքը ներս էր մտնում դահլիճ` կարմիր նախասրահում ծխելուց հետո:

Հակոբ Հակոբյանը նախասրահում Արմենակ Արմենակյանի եւ երկու այլ պատգամավորների հետ է եղել: «Շեֆն ա խոսում»,- ասել է գործընկերներին Հակոբ Հակոբյանը եւ ներս է մտել Վազգեն Սարգսյանին լսելու: «Գնա ներս, գալիս եմ մի րոպեից»,- հետեւել է Արմենակ Արմենակյանի պատասխանը:

«Ուշադիր չէի, չեմ հիշում »,- մեղադրողների հարցերին հիմնականում այսպես էր պատասխանում տուժողը: Հակոբ Հակոբյանը չէր հիշում, թե ինչպես է սպանվել Վազգեն Սարգսյանն ու մյուսները:

Առաջին կրակոցներից մի քանի վայրկյան անց պատգամավորը հաջողացրել է դուրս գալ դահլիճից: Հակոբ Հակոբյանին թվացել է, թե «դրսից չեչեններն են եկել, գերի տանեն»:

Պատգամավորը շենքից դուրս է վազել, ավտոմեքենայից իր ինքնաձիգը վերցրել` «պատգամավորներին պաշտպանելու համար»:

Ի դեպ, ամբաստանյալ Նաիրի Հունանյանն այսօր ցանկացավ իմանալ` կրակել է արդյո՞ք տուժողն այդ ինքնաձիգից: «Որ քեզ հանդիպեի, հաստատ կկրակեի»,- պատասխանեց Հակոբ Հակոբյանը: