Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Սպորտ

Օրեցօր ավելի անհավանական է դառնում, որ Հայաստանի հունա-հռոմեկան եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն սեպտեմբերին Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Թեեւ միջազգային սպորտային կառույցների ճնշման ներքո Ադրբեջանը երաշխավորել է հայ մարզիկների անվտանգությունը, սակայն Հայաստան - Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումները ՈւԵՖԱ-ի չեղյալ հայտարարելու որոշումից հետո, գործնականում պարզ է, որ հայ ըմբիշները աշխարհի առաջնության չեն մեկնի:

Հայտնի է, որ մայիսին Հայաստանի 3 հոգանոց պատվիրակությունը (պատվիրակության կազմում էր նաեւ սպորտի եւ երիտասարդության ներկայիս նախարար Արմեն Գրիգորյանը), Բաքվում հանդիպում էր ունեցել ադրբեջանկան կողմի հետ: Հանդիպմանը մասնակցել էին նաեւ ՄՕԿ-ի եւ ՖԻԼԱ-ի ներկայացուցիչները: Կողմերը ընհանուր համաձայնագիր էին կնքել, որով Ադրբեջանը պարտավորվում էր սեպտեմբերին ապահովել Հայաստանի մարզական պատվիրակության անվտանգությունը:

Աշխարհի 2007թ. առաջնությունը հատկապես կարեւոր էր նրանով, որ այնտեղ խաղարկվելու են 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրեր, ուստի հայկական կողմը մեծապես շահագրգռված է Բաքվի առաջնությունով: Ըստ ՖԻԼԱ-ի կանոնադրության աշխարհի առաջնությանը չմասնակցելու դեպքում մարզիկը չի կարող մասնակցել նաեւ հետագայում կայանալիք վարկանիշային մրցաշարերին, որտեղ ես խաղարկվում են ուղեգիր: Հայաստանի համար բացառություն է արվել եւ նույնիսկ աշխարհի առաջնությանը չմասնակցելու դեպքում մեր ըմբիշները կարող են ուղեգրերի համար պայքարել մինչեւ 2008թ. օլիմպիական խաղերը կայանալիք 3 մրցաշարերում: Այսինքն` նույնիսկ Բաքվի առաջնությանը չմասնակցելու դեպքում հայ ըմբիշները չեն զրկվում օլիմպիական ուղեգրերից:

Դժվար է պատկերացնել, թե ինչպես են հայ ըմբիշները 7-8 օր գտնվելու Բաքվում եւ լարված մթնոլորտում փորձելու հաջողության հասնել տարբեր քաշային կարգերում: Քանզի եթե դա հնարավոր լիներ, ապա ՈւԵՖԱ-ն չեղյալ չէր համարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք հանդիպումները: Ինչպես հայտնի է, հենց ադրբեջանական կողմն էր կտրականապես հրաժարավում Հայաստանի հետ` Երեւանում եւ Բաքվում մրցելու տարբերակից: Եւ դա այն դեպքում, երբ Հայաստանի հավաքականը Բաքվում ընդամենը մեկ հանդիպում էր անցկացնելու 90 րոպե տեւողությամբ եւ Բաքվում գտնվելու էր առավելագույնը 36 ժամ:

Արդեն տեղեկություն կա, որ միջազգային սպորտային կառույցները, որոնք ստիպել էին Ադրբեջանին երաշխավորել Հայաստանի ավտանգությունը առաջիկա աշխարհի առաջնությունում, հետեւելու են ՈւԵՖԱ-ի օրինակին եւ փորձելու են կանխել հայ մարզիկների հնարավոր հանդիպումը ադրբեջանցիների հետ: