Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՃՈՒՄ ՈՒ ԱՃՈՒՄ ԵՆՔ

Տնտեսություն

Այս տարի երաշտի եւ կարկուտի հետեւանքով մեր գյուղատնտեսությանը հասցվել է 14.4 մլրդ դրամի վնաս: «Սա ընդամենը 3.5 տոկոս է 400 մլրդ դրամ շրջանառության մեջ, եւ ամեն տարի հենց այսքան կամ մի քիչ ավել վնաս լինում է, դա դժբախտություն չէ»,- ասում է գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը: Ըստ նրա, թեեւ ընդհանուրի վրա առանձնապես չի երեւում վնասը, բայց գյուղեր կան որտեղ գյուղացիները 70-90 տոկոսով տուժել են եւ այդ մարդկանց պետք է օգնել:
Սակայն. «Կառավարությունն այս հարցով ոչինչ անել չի կարող», - ասում է Զադոյանը,- «Օրենսդիրը կորոշի, գումար կհատկացնի բյուջեով, մենք էլ կկատարենք մեր գործը: Այսօրվա ֆինանսական հնարավորություններով մենք իվիճակի չենք օգնել գյուղացուն»:

Ի դեպ, վիճակագրական զարմանալի տվյալ հայտարարեց Զադոյանը. պարզվում է երաշտի ու կարկուտի հասցրած վնասներով հանդերձ մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 4-6 տոկոս աճ:

ԱԺ-ում պետաիրավական հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ, որոնց մասնակցում էին շահագրգիռ կողմերը: Լսելով Դավիթ Զադոյանի ելույթը, գյուղացիներից մեկը հարց ուղղեց նախարարին. «Դուք ասում եք, որ ոչինչ չե՞ք կարող անել այս տարի գյուղացու համար»: Պատասխանը հետեւյալն էր. «Այո, ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ տարի: Մինչեւ ԱԺ-ը 2003-ի բյուջեն հաստատելիս 500 մլն-ից մինչեւ 1 մլրդ դրամի սահմանում վնասների փոխհատուցման համար գումար չհատկացնի, մենք` գործադիրներս, ոչինչ անել չենք կարող»:

Այնուամենայնիվ Զադոյանը հույս ունի, որ միջազգային կազմակերպությունները կօգնեն: Պետական մակարդակով գյուղացուն օգնել հնարավոր չէ: Ի դեպ, գյուղացիներից մեկն էլ «ամենամեծ գյուղացուց» / Զադոյանն ինքն է իր մասին այդպես արտահայտվել/ հետաքրքրվեց . «Ե՞րբ կառավարությունն այնպես կանի, որ գյուղացին չբողոքի»: Նախարարը պատասխանեց. «Գյուղացին միշտ պետք է բողոքի, այլապես լճացում կլինի»:
Հետաքրքիր է ամենամեծ գյուղացին ինչի՞ց կամ ումի՞ց է բողոքում: