Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ

Հասարակություն

Հայաստանի մի շարք փաստաբաններ, ըստ էության, պատերազմ են հայտարարել իրենց աշխատանքի հանդեպ ոչ բարեխիղճ, օրինախախտ դատավորներին: Մոտ 20 օր առաջ փաստաբանական 2 կազմակերպություն միավորվեց եւ ստեղծվեց Հայ Փաստաբանների Միջազգային Միությունը: Այսօր կազմակերպվեց միության առաջին միջոցառումը, որի ժամանակ հայտարարվեց փաստաբանների վճռականության մասին` պաշտպանվել դատավորների անհիմն ճնշումներից:

Հայ փաստաբանների Միջազգային Միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի կարծիքով. «Շատ ժամանակ ոտքի վրա զրույցներ ենք անում, որ այստեղ այս իրավունքը խախտվեց, այնտեղ այս բռնությունը տեղի ունեցավ: Մենք միությունով որոշեցինք փաստացի արձանագրել այդ դեպքերը: Այսինքն` եռամսյա ժամկետում տեսնել փոքրից մինչեւ մեծ ինչ ոտնձգություններ են իրականացվում, արձանագրել ոչ թե բանավոր, այլ գրավոր եւ դնել որոշ մարդկանց առջեւ:

Այսուհետ միությունն ընդունելու է բոլոր այն փաստաբանների դիմումները, որոնք որեւէ անհիմն ճնշում կզգան դատավորի կողմից: Միության կոլեգիայի առաջիկա նիստի ընթացքում արդեն քննարկվելու է կոնկրետ դատական գործի ժամանակ դատավորի թույլ տված սխալները: Փաստաբանները Արդարադատության նախարարությունից պահանջելու են կարգապահական վարույթ սկսել այդ դատավորի հանդեպ:
Իմանալով, որ այսօրվա հանդիպման ժամանակ խոսվելու է դատավորների թույլ տված այլ օրինախախտումների մասին նույնպես, փաստաբանները որոշել էին հանդիպումը դարձնել ավելի գործնական: Հրավիրվել էին ներկայացուցիչներ Դատախազությունից, առաջին ատյանի, Վերաքննիչ դատարաններից: Սակայն հրավիրվածներից ոչ մեկը ցանկություն չէր հայտնել խնդրո շուրջ բանավիճել փաստաբանների հետ:

Վերջիններս նաեւ հայտարարություն են տարածել, որտեղ նշված է, որ որոշ ուժեր փորձ են անում փաստաբանի մասնագիտական-վճարովի գործունեությունը դուրս մղել շուկայից եւ գրպանել այդ աշխատանքի հոգեւոր եւ նյութական արժեքները:

Ստեղծված իրավիճակի համար փաստաբանները մեղադրում են արդարադատությունը կառավարող բոլոր կառույցներին: