Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ «ՏՈՒՐ ՈՒ ԴՄԲՈՑ» ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հասարակություն

«Էս փսլնքոտները ուզում էին հեղաշրջում անել, անմեղ աբեղաներ են ձեւանում, ինձ էլ խաբեցին», - ասաց ամբաստանյալ Վռամ Գալստյանը: «Մինչ օրս էլ կան ուժեր, որ պաշտպանում են Էդիկ Գրիգորյանին: Իսկ էդիկը սուրբ է ձեւանում: Եվ գործն էլ մինչ օրս ի շահ Էդիկի է գնացել: Թող իրենց կյանքում մի լավ բան անեին, թող մի օր Ղարաբաղում կռվեին, ի՞նչ են արել դրանք», -շարունակում էր վրդովված քեռին:

Նա հայտարարեց. «Մի նայեք, թե ես էս ոչնչությունների քեռին եմ, ես էն մարդը չեմ, որ զենք վերցնեի ու գնայի պետության դեմ: Առերեսման ժամանակ եթե ես ատրճանակ ունենայի, կխփեի Նաիրիի ճակատին»:
Նա ասաց, որ մինչեւ գործողությունը Նաիրի եւ Կարեն Հունանյանները եւ Էդիկ Գրիգորյանը գնացել են ԱԺ, փորձել եւ ուսումնասիրել ամեն ինչ տեղում: Եվ մի քանի անգամ պնդեց, որ կան որոշակի ուժեր, որոնք մինչ օրս պաշտպանում են Էդիկին:

Վերջում Վռամ Գալստյանը հայտարարեց. «Մի կարծեք, թե ես վախից եմ այս ամենն ասում, ես պատրաստ եմ ամենածանր պատիժը կրել»:

Դատավարության մասնակիցներին հետաքրքրեց, թե ինչու ամբաստնայալը այդ ճնշումների մասին չի խոսել անմիջապես, ասենք, այդ ճնշումների հաջորդ օրն: «Եթե թողնեին, կասեի»,- ասաց նա:
Վռամ Գալստյանը համոզված է, որ ճնշումները շարունակվելու են:

Վռամ Գալստյանի հայտարարությանը տարբեր կերպ արձագանքեցին ներկաները: Նաիրի Հունանյանը հայտարարեց, որ քեռին հոգեպես անհավասարակշիռ վիճակում է եւ առաջարկեց հրավիրել հոգեբանների: Վռամ Գալստյանը զայրացավ. «Լավ լսիր, Նաիրի Հունանյան, հոգեկան հիվանդը դու ես եւ շատ շուտով ուրվական ես դառնալու»:

Դրանից հետո Նաիրի Հունանյանը միջնորդեց, որ Գալստյանին մենակ հարցաքննեն: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Մյուս ամբաստանյալներին դուրս տարան եւ սկսվեց Գալստյանի նոր, երկար ու ձիգ հարցաքննությունը:

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին բնականաբար դուր չէր եկել ամբաստանյալի այն հայտարարությունը, թե ինքը լսել է, ինչպես է մեղադրողը Էդիկ Գրիգորյանի պաշտպանին ասել «Մի բան կանենք, որ էդիկը պլստա, դուրս գա»: Երկար ժամանակ նա փորձում էր պարզել, թե երբ է ամբաստանյալը նմամ բան լսել, եւ ներկաներին էլ ուզում էր համոզել, որ ինքն այդպիսի բան չի ասել:

Ի դեպ այսօր զարմանք հարուցեց նաեւ Նաիրի Հունանյանի մի հայտարարությունը: Նա պնդեց, որ եթե իր ընտանիքի անդամներին որեւէ բան պատահի, ապա մեղավորը գործ կունենա իր հետ:

Դատավարութմյունը կշարունակվի երկուշաբթի օրը: