Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անմոռանալի Բիթլզը, Կոմիտասն ու Բախը՝ մի բեմում (տեսանյութ)

Մշակույթ
Region-Capture-6

Հայաստանի կամերային նվագախմբի հրավերով Երևանում են  սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին: Երևանյան հանդիսատեսին սպասվում է երկու անմոռանալի երաժշտական երեկո՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Մարտի 9-ին կհնչի «Անմոռանալի Beatles»-ը: Մի քանի տարի առաջ այս նախագիծն արդեն ներկայացվել էր երևանյան հանդիսատեսին և հիանալի էր ընդունվել: Այս անգամ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքով, հնչելու են լիվերպուլյան քառյակի ամենահայտնի ու սիրված երգերի փոխադրումները: «Բիթլզը՝ համաշխարհային  ժառանգություն է»,- ասում է Ֆեդերիկո Մոնդելչին: Վահան Մարտիրոսյանն էլ ավելացնում է, որ «Բիթլզին» սխալ է դասակարգել որպես փոփ երաժշտություն: «Նրանք դասական են, բառիս բուն իմաստով: Ի՞նչն է դասականը, այն որ անցել է ժամանակի ֆիլտրով և մնացել որպես արժեք: Մոցարտն էլ 300 տարի առաջ դասական չէր»: Համերգին կհնչեն նաև Բաբաջանյան և Թարիվերդիև: «Սիրում եմ հայ երաժշտարվեստը, մասնավորապես՝ Արամ Խաչատրյան, Թարիվերդիև, Առնո Բաբաջանյան ու Կոմիտաս շատ եմ կատարում: Ձեր երաժշտությունը խորություն ունի, հոգևորի դրսևորումը շատ է»,- ասում է սաքսոֆոնահարը և շարունակում. «Լիվորնոյում, որտեղ բնակվում եմ, հայկական մեծ համայնք կա, եկեղեցի, որտեղ և լսել եմ ձեր հոգևոր երգերը: Իսկ Հայաստանը շատ սիրեցի և արդեն որերորդ անգամ է վերադառնում եմ ձեր գեղեցիկ երկիր: Ակորդեոնահար Զանկինին  առաջին անգամ է Հայաստանում, սակայն լսել է, որ հայ հանդիսատեսը ջերմ է: «Տեսնենք,- ասում է, երաժիշտը:-Ամեն դեպքում շնորհակալ եմ Ֆեդերիկոյին, որի շնորհիվ կտեսնեմ ձեր գեղեցիկ երկիրն ու զգացմունքային հանդիսատեսին»: Մարտի 13-ին Հայաստանի կամերային նվագախումբը, որպես դիրիժոր կղեկավարի Ֆեդերիկո Մոնդելչին, իսկ Սիմոնե Զանկինին հանդես կգա որպես մենակատար: Կկատարեն Բախ, Պիացոլա, Գալիանո: Վահան Մարտիրոսյանի խոսքով,  հետաքրքիր համերգային ծրագրեր ունեն իրականացնելու: Ապրիլի 24-ին կհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»: Մայիսին սպասվում է «Չորս դաշնամուր» նախագիծը: Կոմիտասի 150-ամյակին նվիրված ևս ծրագիր են պատրաստում:  ,