Շիրակի մարզպետն աշխատանքից ազատեց Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին

Շիրակի մարզպետի հրամանով աշխատանքից ազատվել է Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը: Համաձայն հրամանի, լուծվել է տնօրենի հետ 2017 թվականի փետրվարին կնքված աշխատանքային պայմանագիրը: Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում եւ դասամատյաններում, որպես տարբեր դասարանների աշակերտներ, գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում եւ չեն մասնակցում դասապրոցեսներին:

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը օրեր առաջ լիազոր մարմնին` Շիրակի մարզպետին հասցեագրել էր միջնորդագիր՝ նշված դպրոցի տնօրենի աշխատանքից ազատման մասին: Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի քրեական գործի նախաքննության ընթացքում դատախազությունը հաստատել է, որ նշված տնօրենի կողմից կատարվել է երկու դրվագ դիտավորյալ հանցավոր արարք` պաշտոնական դիրքի չարաշահում եւ պաշտոնական կեղծիք:

Ըստ դատախազի, նշված հանցագործությունը տվյալ անձը կատարել է տեւական եւ շարունակական` այդ հանցագործության կատարման մեջ ներգրավվելով շուրջ 25 աշխատակցի: Քննության ընթացքում Շիրակի մարզպետն ընդունել է գլխավոր դատախազի միջնորդագիրը եւ լուծել տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:

«Ցայգի» պատրաստած տեսանութը՝ քիչ անց