Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճաղերի էն կողմում գտնվող թոշակառուին պետք է հակահարված տանք. Արամ Մանուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-manukyan

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանի համար կարևոր է «Մարտ 1»-ի սպանությունների հետ կապված միջոցառումների կազմակերպումը ներկայիս իշխանությունների կողմից։ ՀԱԿ-ի համար ոգևորիչ է, որ պետությունը քաղաքական կամք է դրսևորել «Մարտի 1»-ը մինչև վերջ բացահայտելու և պատասխանատուներին պատժելու համար։ «Մենք աջակցում ենք գործող իշխանություններին՝ այս հարցը համարելով մերը։ Եվ աջակցելու ենք, ըստ ամենայնի, որքան որ իշխանությունը կամ իրավապահ մարմինները, ՀՔԾ-ն կունենան»,- շեշտում է Արամ Մանուկյանը։ Ըստ նրա՝ «Մարտի 1»-ը ոչ միայն իրավական, այլև քաղաքական խնդիր է, ազգային արժանապատվության խնդիր է, պետությանը և գալիք սերունդների աչքերին պարզերես լինելու խնդիր է։ «Հայաստանի զարգացումը տեսնում ենք միայն «Մարտի 1»-ի բացահայտումով»։ ՀԱԿ նախագահը շեշտում է «Մարտի 1»-ի հետ կապված այն կետերը, որոնք նախկինում կուսակցությունը իր հայտարարությունների մեջ նշել է։ «Մեզ հետ սերտ համագործակցում են ծնողները։ Մեր հայտարարություններից հետո «Մարտի 1»-ի զոհերի ծնողների հայտարարությունը ևս եղավ առաջին անգամ, ընդ որում, նրանք կոչ են անում հասարակությանը մասնակցել «Մարտի 1»-ի միջոցառումներին որպես հարգանքի տուրք տասը զոհվածներին»,- նշում է Մանուկյանը՝ հավելելով, որ վաղն այցելելու են բոլոր զոհվածների գերեզմանները։ ՀԱԿ-ը, Մանուկյանի փոխանցմամբ, մասնակցելու է կառավարության հայտարարած հավաքին, երթով շարժվելու են Մյասնիկյանի արձանի մոտ՝ ծաղկեպսակ, ծաղիկներ դնելու։ «Մենք մեր միասնականությամբ, մեծ քանակի մասնակցությամբ, մեր տրամադրվածությամբ պետք է, այսպես ասած՝ հակահարված տանք ճաղերի էն կողմում գտնվող երիտասարդին, թոշակառուին և իր թիմակիցներին։ Եվ որ հասարակությունն ամենեւին կուլ չի գնում, կուլ չի տալիս այն խայծը, թե նա քաղբանտարկյալ է կամ նա տուժված է, կամ նա անմեղ է, կամ նա անտեղյակ է»,- հայտարարում է քաղաքական գործիչը՝ նկատի ունենալով 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, ներկայումս կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Արամ Մանուկյանը ասուլիսի ներկաներին բաժանեց մարտիմեկյան իրադարձություններին վերաբերող՝ Աշոտ Սարգսյանի հեղինակած «Մարտի 1-ի ոճրագործությունը» գրքի օրինակները։ Արամ Մանուկյանը «ցուրտումութ» տարիներին վերաբերող ագիտացիաները անտեղի է համարում և շեշտում, որ չի կարելի 1990-ականներին տարած Արցախյան հաղթանակները, անկախության համար մղված պայքարի տարիները սևացնել «ցուրտումութ» տարիների մասին դրվագներով։ Արամ Մանուկյանը կոչ արեց սպասել, թե Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ինչպիսին է լինելու և երբ որ մեղադրանքը լինի, Քոչարյանը և իր թիմը կսսկվեն։ Մանուկյանը երկու փաստ բերեց, իր իսկ խոսքով՝ Քոչարյանի սուտասան լինելը ապացուցելու համար։ «Մարտի 1-ից հետո 150 մարդ նստել ա բանտերում՝ միջինը 1-6 տարի դատապարտվելով, բոլորը կեղծված մեղադրանքներով, մեծ մասը մեկ ոստիկանի ցուցմունքով։ Ընդ որում` մեկ ոստիկանը, միաժամանակ չորսի համար կարող էր ցուցմունք տալ տարբեր տեղերի հետ կապված՝ ցիրկի մոտ, հրապարակում, Ազատության հրապարակում»,- ասում է նա ու հավելում, որ դատապարտվածների մեջ մեծ մասը Ռոբերտ Քոչարյանի հետ Ղարաբաղում կռված, պայքարած, վիրավորված քաղաքական գործիչները, ազատամարտիկներն էին։  Երկրորդ փաստը, որին անդրադառնում է, այն է, թե իբր Քոչարյանը տեղյակ չի եղել՝ մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել և հարցադրում անում. «Բա՞ մարտի 2-ից և  դրանից առաջ հարյուրավոր իր ընկերների ձերբակալությունները (այն մարդկանց, որոնց հետ Ղարաբաղում ամեն ինչ արել ենք)։ Չհարցրե՞ց, չգնա՞ց մեկին պերեդաչի տաներ, ասեր՝ «Գևորգ ջան, Արամ ջան, Սիմոն ջան, Հարութ ջան, էս ինչի՞ եք նստել դուք»։ Մարդուն 6 տարի ինչի՞ ես տվել. ղարաբաղյան ազատամարտի վետերաններին, Հայաստանի քաղաքական էլիտային»։