Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն ՔՊ-ն կարող է խոսել հեղափոխություն իրագործած ուժի դիրքերից. Գարիկ Քեռյան

Հարցազրույց
qeryan

Մեր զրուցակիցն է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.թ Գարիկ Քեռյանը -Պարո՛ն Քեռյան, ըստ նախընտրական կանխատեսումների՝ ՔՊ-ն արտահերթ ընտրություններում հավակնում է ստանալ ձայների ճնշող մեծամասնությունը. ԱԺ-ում այլընտրանքի բացակայությունը սպառնալիք չէ՞ ժողովրդավարության տեսանկյունից: -Իհարկե, կարող է մտահոգիչ թվալ մեկ կուսակցության կողմից այդքան շատ պատգամավորական մանդատների զբաղեցումը, բայց, ամեն դեպքում, մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ Ընտրական օրենսգրքում կա մի համապատասխան հոդված՝ համաձայն որի որևէ քաղաքական ուժ չի կարող խորհրդարանում ունենալ երկու երրորդից ավելի:  Մնացյալ մեկ երրորդը պետք է բաշխվեն մնացած խորհրդարանական ուժերի միջև: Եթե հիմա ՔՊ-ն պնդում է, որ ԱԺ-ում գերակշռող հանրապետական վերնախավը խոչընդոտում է իր կողմից նախաձեռնված բարեփոխումների անցկացմանը, ապա ընտրություններից հետո պատկերն ավելի պարզ կլինի, ու ըստ այդմ հասկանալի կլինի, թե ՔՊ-ն իրեն ինչպես կդրսևորի. ինչպես կիրագործի ժողովրդավարացման գործընթացը, չէ՞ որ հենց այդ նպատակաով իրագործվեց հեղափոխությունը: -Խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում Դուք ո՞ր ուժերին եք տեսնում: -Առայժմ անհաշտ ընդդիմադիրի կարգավիճակում իրեն դրսևորում է «Հանրապետականը»: Մյուս քաղաքական ուժերի դիմագիծը դեռևս հստակ չէ: Ընդդիմադիր լինելը նաև կախված է տվյալ քաղաքական ուժի հավաքած ձայների քանակից: Մյուս քաղաքական ուժերը խուսափում են ընդդիմադիր կեցվածք որդեգրելուց, քանի որ այդպիսով զգալի թվով ձայներ կկորցնեն և կմնան քաղաքական լուսանցքից դուրս: -Շատերի համար անակնակալ էր արտահերթ ընտրություններին «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների առանձին հանդես գալը: Ըստ Ձեզ, ո՞րն էր այս առանձնացման պատճառը: -Դա կապված է տակտիկական և մարտավարական հարցերի շուրջ  այդ երկու կուսակցությունների  անհամաձայնությունից, իսկ «Ելք» դաշինքի չգործելը կանխատեսելի էր, քանի որ ՔՊ-ն հեղափոխությունը կապիտալիզացրել էր իր անվամբ: Բացի ՔՊ-ից որևէ քաղաքական ուժ չի կարող ասել, որ լրջագույն դերակատարում է ունեցել հեղափոխության հարցում: -ՀՅԴ-ն այսօր ԱԺ մուտք գործելու շանսեր ունի՞: -Որոշ բացառություններով, Երրորդ հանրապետության բոլոր խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ն կարողացել է հաղթահարել նախընտրական շեմը և մուտք գործել ԱԺ: Այսօր իրավիճակն այլ է, քանի որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարության կազմում է եղել: Բացի այդ հոկտեմբերի 2-ը շատ բան փոխեց ընտրական վարքագծում: Հեղափոխական իրադրության ժամանակ ամեն բան փոխվում է: -Փաստացիորեն ռեյտինգային համակարգը պահպանվեց, և դա կարո՞ղ է խոչընդոտել ընտրությունների բնականոն ընթացքին: «Թաղային հեղինակությունները» կարո՞ղ են կրկին որոշիչ դեր խաղալ արտահերթ ընտրությունների ժամանակ: -Այս առումով դժվարանում եմ որևէ կոնկրետ բան ասել: Վերջերս, Երևանում անցկացված ավագու ընտրությունների ընթացքում ռեյտինգային համակարգը չգործեց, ընտրություններն անցկացվեցին համամասնական ցուցակներով, և ընդհանուր գործընթացը պարզ էր ու թափանցիկ: ՔՊ-ն նախընտրեց խորհրդարանական ընտրություններ անցկացնել հին օրենսգրքով: Տվյալ պարագայում միայն ՔՊ-ի մեծամասնություն կազմելն է հաստատ, իսկ մյուս քաղաքական ուժերի կարգավիճակն անկանխատեսելի է: