Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիենայի տղաների երգչախումբը Հայաստանում է

Մշակույթ
boys

Ինչ է երգեցողությունը Վիենայի տղաների երգչախմբի պատանի երգիչների համար ՝ ազատություն, կյանք, երջանկություն և հաճույք։ Հռչակավոր երգչախումբը, որը ստեղծվել է 15-րդ դարի կեսերին, որի կազմում երգել ու աշխատել են Բախը, Հայդնը,Մոցարտը, Շուբերտն ու Բեթհովենը,  Հայաստանում է և «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ կունենա վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում։   Մինչև անցյալ դարի քսանականները երգչախումբը երգել է բացառապես Կայսերական պալատի համար և հետո միայն սկսել է համերգներ տալ և շրջագայել։ Այդ տարիներից էլ որպես երգչախմբի համազգեստ ընդունվել է այն ժամանակ նորաձև նավաստու համազգեստը և դարձել ավանդական։ Այսօր երգչախմբի տարբեր ազգության,  9-14 տարեկան տղաները ապրում և սովորում են Ավստրիայի ամենագեղեցիկ պալատներից մեկում՝ Աուգարտենում։ Երգչախմբի երկացանկը ընդգրկուն է՝ դասական երաժշտությունից մինչև մյուզիքլներ ու ժողովրդական երաժշտություն, սակայն հիմնաքարը՝ դասական երաժշտությունն է։ Երևանյան հանդիսատեսի համար հատուկ Կոմիտաս ու Ազնավուր են կատարելու։  «Հայաստանի մասին տղաները բացարձակ տեղեկացված չէին և սա երկրին ծանոթանալու հիանալի առիթ է։ Համերգից հետո մի քանի օր մնալու են։ Կշրջագայեն, կծանոթանան ձեր գեղեցիկ երկրին, պատմությանը, մշակույթին»,- ասում է երգչախմբի դիրիժոր Օլիվեր Շտեքը։ - Այսօր արդեն համտեսել ենք ձեր համեղ կերակրատեսակները, նաև հասցրել ենք այցելել Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ավստրիական գրադարան, որը հաճելի անակնկալ էր տղաների համար։