Ճախարակի պտույտը՝ թուրքմենական գոպուզի ուղեկցությամբ

Շինուհայրի կանայք բուրդը խուզում են, լվանում, գզում, մանում, ներկում բնական ներկերով, ինչպես հնում՝ բույսերից, ծառերի կեղևներից ու արմատներից ստացված գույներով, փորձում վերականգնել Սյունյաց աշխարհին բնորոշ զարդանախշերը ու գործում կարպետներ, որ հասնում են Եվրոպա, Ամերիկա, Կանադա ու Դուբայ և գտնում իրենց գնորդին:  

«Գորիսը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, Հին Գորիսում կազմակերպված «Ձեռագործության փառատոնին» Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից ու այլ երկրներից ներկա արվեստաբան ու թանգարանագետ հյուրերին տպավորել էր Ալվարդ Շալունցի բուրդ գզելու և ճախարակով թել մանելու արվեստը, իսկ Թուրքմենիայի պատվիրակության լրագրողների խումբը  գեղարվեստական ակնարկ նկարահանեց՝ ճախարակի պտույտն ուղեկցելով թուրքմենական յուրատիպ շրթհարմոնի՝ գոպուզի հնչյուններով:

«Տատիկի ժամանակ իլիկով էին մանում ու ճախարակով, որը մի ձեռքով պտտում էին, մյուս ձեռքով էլ մանում: Դժվար էր: Ես չէի կարողանում»,- ասում է թել մանող կանացից մեկը, որն իր անունը հայտնել չցանկացավ: Տաս տարեկան էր, որ տատիկից սովորեց իլիկով մանել: Հիմա ժամանակակից ճախարակներ են, ասում է, ոտքով են պտտում: Ավելի հարմար է ու հեշտ է: Թելն էլ հավասար է մանում:

Տաթևիկ Դաղունցը, որ մասնագիտությամբ հոգեբան-մանկավարժ է, հիմա կարպետագործությամբ է գումար վաստակում: «Դեռ դպրոցում կարպետագործության խմբակ էի հաճախում: Այն ժամանակ ինչ իմանայի, որ իմ մի կտոր հացը կդառնա»,- ասում է տիկին Տաթևիկը:  Սիրով է գործն անում, թեև խոստովանում է, որ ծանր է դազգահի առջև այդքան ժամ նստելը: «Բայց եթե հոգի չես դնում, չի ստացվի: Եթե ճաշ պատրաստել չես սիրում՝ համով չի ստացվում, չէ, այս գործն էլ է հոգի պահանջում»:

Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի աշխատակից Նունե Աղաթելյանի խոսքով, բազմազավակ, գործազուրկ, սոցիալապես անապահով կանայք այժմ գումար վաստակելու հնարավորություն ունեն: Շինուհայրի կարպետագործ կանանց խումբը հիմնադրամի երկրորդ ճյուղն է, որը գործում է արդեն չորս տարի և ընդգրկված են գործին բանիմաց 15 կանայք: Իսկ դեռ ութ տարի առաջ սկսեց գործել «Goris Crochet»-ը: Էկոլոգիապես մաքուր, բամբակի թելից հելունագործ կենդանիներն ու տիկնիկները Գորիսի շնորհալի և ստեղծագործ կանանց ձեռագործ աշխատանքն են:

«Հիմնական պատվիրատուն, ինչ խոսք, արտերկիրն է,-ասում է տիկին Նունեն,- սակայն տեղական շուկան էլ զբոսաշրջության հետ կապված, կարծես թե գնալով ակտիվանում է: Գորիսի հյուրանոցներն են նաև պատվերներ տալիս, քանի որ հույս ունեն, որ Գորիսը, որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք՝ այստեղ է բերելու մեծաթիվ զբոսաշրջիկների ու հյուրերի»