Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին պահանջում է վերադարձնել օտարված տունը (տեսանյութ)

Հասարակություն
otarvac-tun

13 տարի վարձով բնակվող Սեդրակ Բաղդասարյանը այսօր պահանջում է հետ վերադարձնել դեռևս 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանի օրոք պետական շահ ճանաչված իր տունը: «Տարածքում, որը տվել էր Կառավարությանը կառուցապատում իրականացնելու համար «Գրիառ» ՓԲԸ-ին, գտնվում էր իմ տունը: «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը այն գնահատել էր 23000 դոլար»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց Սեդրակ Բաղդասարյանը: 2005 թվականին «ԵԿՆ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի հայցի հիման վրա Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում Սեդրակ Բաղդասարյանին 23000 դոլար վճարել տան դիմաց և վտարել Բուզանդի 25, բնակարան 16 հասցեից: Անցնելով Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններով, Սեդրակ Բաղդասարյանը 2005 թվականին դիմում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, քանի որ, ըստ նրա, իրեն գույքից զրկելու հարցում հանրային շահ առկա չի եղել: «ԵՎրոպական դատարանից ինձ եկավ  նամակ, որ իմ տնից 50 մետր հեռավորության վրա ինձ տրամադրելու են 140 մետր քառակուսի տարածքով բնակարան, սակայն այդ շենքի փոսն էլ դեռ փորված չէ»: Սեդրակ Բաղդասարյանը նամակով դիմել է Գևորգ Կոստանյանին, որպեսզի 2 ամսվա ընթացքում իրեն տրամադրվի այդ բնակարանը, սակայն մինչ օրս սպասում է պատասխանի: Բնակարան տրամադրելու դիմաց Արդարադատության նախարարությունը Սեդրակ Բաղդասարյանից պահանջում է հետ վերադարձնել տրամադրված 23000 դոլարը, սակայն վերջինս հրաժարվում է վերադարձնել գումարը, քանի որ այն չի ստացել պետությունից: Այդ գումարը տրամադրել էր «Գրիառ» ՓԲԸ-ն: Սեդրակ Բաղդասարյանը նորից դիմում է Եվրոպական դատարան՝ խնդրով, որ իրեն այդպես էլ բնակարան չեն տրամադրել: Սեդրակ Բաղդասարյանն այժմ Կառավարությունից մեկ պահանջ ունի՝ վերադարձնել իր տունը: