Մոսկվայի Փառքի բլուրում բացվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրին (տեսանյութ)

Մոսկվայի Փառքի բլուրում` Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում, այսօր տեղի ունեցավ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությունը։

Այն Փառքի բլուրին հանձնվեց ՀՀ կողմից` որպես նվեր։ Ելույթով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ասելով. «Ինձ համար հատկապես մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ։ Մարշալ Բաբաջանյանը եղել է Խորհրդային միության խոշորագույն մարշալներից մեկը` ցուցաբերելով հերոսություն եւ անձնազոհություն։ Ինչպես ասում էին ժամանակակիցները` Բաբաջանյանը մարտնչել է Սուվորովի նման։

Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն հարգում ու խոնարհվում են Խորհրդային միության մեծանուն մարշալների առջեւ, այլեւ նրանց հիշատակը փոխանցում են սերնդեսերունդ։ Հայրենական մեծ պատերազմի հետեւանքները ծանր են` ֆրոնտից չի վերադարձել պատերազմ մեկնած ամեն 2-րդ հայը, այդ թվում եւ իմ պապը, որի անուն-ազգանունը ես կրում եմ»: Միջոցառմանը ներկա էր կիսանդրու հեղինակ Աշոտ Թադեւոսյանը. «Շատ ուրախ եմ, որ իմ ձեռքի աշխատանքներն եմ նվիրում թանգարանին, ինձ համար մեծ պատիվ է լինել կիսանդրու հեղինակը։  Ես պարզապես բառեր չեմ ասում, հպարտ եմ, որ ծառայություն եմ մատուցում իմ ժողովրդին։ Հպարտ եմ, որ մի ազգի ներկայացուցիչն եմ, որը նման հերոսներ է տվել»:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Համազասպ Բաբաջանյանի թոռնուհին` Յուլիա Մարկոսը։ Նիկոլ Փաշինյանը թանգարանից դուրս եկավ «Նիկոլ, Նիկոլ», «դուխով» վանկարկումների ներքո։ Մինչ մեքենան նստելը, հավաքված մարդիկ նկարվում էին նրա հետ, ձեռք սեղմում։