Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյան. «Ազգերի լիգայում մեզ հարկավոր է հաղթել բոլոր խաղերում» (տեսանյութ)

Սպորտ
sport-minasyan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծում է, որ Ավստրիայում անցկացրած թիմի երկու ստուգողական խաղերը լիովին ծառայեցին իրենց նպատակներին:  «Հավաքի ընթացքում ես նախ ներկայացրեցի իմ ընդհանուր պատկերացումները թիմի խաղի մասին, մեր առաջիկա անելիքները դաշտում եւ դաշտից դուրս: Երկրորդ, մոտիկից ծանոթացա հավաքականի նոր ֆուտբոլիստների հետ, որոնք կազմում են մոտ 70 տոկոսը: Մարզումների եւ խաղերի ընթացքում ես ստացա ինձ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսն այսպես սկսեց մեր հավաքականի նորանշանակ մարզիչը: Խոսելով արդյունքների (երկու ոչ-ոքի) եւ թիմի ցույց տված դժգույն խաղի մասին, Վարդան Մինասյանն ասաց, որ դա սպասելի էր: «Մենք հիմնականում զբաղված էինք փորձարկումներով: Երկու սխեմա կիրառեցինք այդ խաղերի ժամանակ: Առայժմ չեմ կարող ասել, թե դրանցից որն է լինելու հիմնականը: Սակայն այդ սխեմաներն իմ համար երկրորդական նշանակություն ունեն: Կարեւորը ֆուտբոլիստներն են այդ սխեմաների մեջ», - պարզաբանեց անվանի մասնագետը: Մեր այն դիտարկմանը, որ տակտիկապես գրագետ թիմը լրջորեն փոխհատուցում է մնացած թերությունները, իսկ մեր հավաքականի վերջին խաղերում ոչ մի մարտավարություն չնշմարվեց, Վարդան Մինասյանը պատասխանեց, որ դա կապված էր մեծ թվով նորեկների առկայության հետ: Մեր հավաքականի պատասխանատուն վերջում հավաստիացրեց, որ Ազգերի լիգայի մրցաշարում հայ ֆուտբոլասերները բոլորովին այլ թիմ կտեսնեն խաղադաշտում: «Ազգերի լիգայում մեզ սպասվում է 8 փոքր եզրափակիչներ, քանի որ բոլոր այդ խաղերում հարկավոր է հաղթել: Այդ մրցաշարում անգամ ոչ-ոքի արդյունքը կարող է ճակատագրական լինել: Այնպես որ, մենք խաղալու ենք միմիայն հաղթանակի համար: Ուրիշ այլ խնդիր չի քննարկվելու այդ խաղերից առաջ», - ասաց Վարդան Մինասյանը: Հայաստանի հավաքականն առաջիկայում չի պլանավորել ընկերական հանդիպում: Ըստ Վարդան Մինասյանի, հավաքականը կարող է կարճատեւ հավաք անցկացնի օգոստոսին, սակայն միայն Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների մասնակցությամբ: