Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազի խորհրդականը՝ Մասիսի փոխքաղաքապետի կալանավորման միջնորդության մասին

Հասարակություն
Karen-Ohanyan

Դատախազի կողմից` ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված գործով մեղադրյալ Կարեն Օհանյանին (լուսանկարը՝ NEWS.am-ի) կալանավորելու միջնորդություն ներկայացնելու հիմնավորվածության առնչությամբ սոցիալական ցանցերում մասնագետ գործընկերների կողմից ծավալված ակտիվ քննարկումներում վերացական, չհիմնավորված մեկնաբանություններ կամ եզրահանգումներ էին արվում դատախազի գործողությունների անօրինականության վերաբերյալ: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը: Նատի ունենալով, որ քրեական գործում իրականում առկա են նախկինում դատարան չներկայացված փաստական տվյալներ, որոնք դատախազի ներքին համոզմամբ վկայում են, որ եղել են մեղադրյալ Կ. Օհանյանի կողմից հանցանք կատարելու հիմնավոր կասկածը և կալանավորման համապատասխան հիմքերը` դատախազը Կ. Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պատճառաբանված միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ իրացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ և 285-րդ հոդվածներով նախատեսված իր լիազորությունը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Կարեն Օհանյանը նշված գործով նախկինում ազատ է արձակվել՝ նրա ձերբակալումը դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու արդյունքում: Հետևաբար հարկ ենք համարում գործընկերներին հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի բացառում ձերբակալումից ազատված մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունը: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասն արգելում է նույն մեղադրանքով նորից կալանավորել կալանքից ազատված անձին, այնինչ, մեղադրյալ Կարեն Օհանյանը երբևէ կալանավորված, հետևաբար նաև՝ կալանքից ազատված չի եղել: Կոչ ենք անում հրապարակային կարծիքներ հնչեցնելիս պահպանել մասնագիտական էթիկան և զերծ մնալ իրականացվող դատավարական գործողությունների անօրինականության մասին թյուր հանրային կարծիք ձևավորող մեկնաբանություններից՝ գործի հանգամանքների չիմացության ու կիրառելի իրավակարգավորումների մակերեսային ուսումնասիրության արդյունքում: Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական