Թրամփը չեղյալ հայտարարեց Կիմի հետ նախատեսված գագաթաժողովը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը չեղյալ հայտարարեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընի հետ հունիսին անցկացվելիք գագաթաժողովը: Նրա խոսքերով, ‘’աշխարհրը կորցրել է հարատեւ խաղաղություն հաստատելու մեծ հնարավորություն’’:

Թրամփի խոսքերով, հանդիպումը չեղյալ հայտարարելու իր որոշման համար հիմք է ծառայել ‘’հսկայական զայրույթ եւ բացահայտ թշնամանք’’ պարունակող հյուսիսիկորեական վերջին հայտարարությունը:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ անցկացվելիք գագաթաժողովի նպատակը Կորեական թերակղու ապամիջուկայնացումն էր եւ Հյուսիսային Կորեայի տնտեսությանը զարկ տալը: Սակայն վերջին օրերին երկու կողմերից էլ հնչել էին գագաթաժողովը հարցականի տակ հայտնված լինելու մասին հայտարարություններ:

Ի դեպ, Թրամփը գագաթաժողովը չեղարկելու մասին հայտարարությամբ հանդես եկավ մի քանի ժամ այն բանից հետո, երբ Հյուսիսը ոչնչացրեց միջուկային փորձարկումների իր միակ կենտրոնի թունելները:

Հիմա հարց է, կվերսկսի՞ արդյոք Փհենյանը բալիստիկ հրթիռների փորձարկումները: Կվերսկսվե՞ն արդյոք երկու կողմերից հնչող հռետորաբանական հայտարարությունները: Կպահպանվի՞ գոնե դիվանագիտական ինչ որ ուղի, թե ոչ:

Գագաթաժողովը չեղյալ հայտարարելու հարցով Կիմ Ջոն Ընին հղված նամակում Թրամփը գրել է. ‘’Դուք խոսում եք ձեր միջուկային կարողությունների մասին, սակայն մեր կարողություններն այնքան հզոր են ու զանգվածային, որ ես աղոթում եմ Աստծոն, որ դրանք երբեք չօգտագործվեն’’:

Թրամփը նախատեսված հանդիպումն անվանում է ‘’կորսված հնարավորություն’’, սակայն ավելացնում, որ ինքը չի կորցնում Կիմին ապագայում հանդիպելու հույսը:

Կիմին հղված նամակից հետո Թրամփն ավելի ուշ Սպիտակ տանը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, հայտարարություն այն մասին, որ սա ‘’մի կորուստ էր Հյուսիսային Կորեայի համար’’: Ըստ հայտարարության, ‘’ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ է անհրաժեշտության դեպքում պատասախանել Հյուսիսային Կորեայի որեւէ անխոհեմ քայլի’’: