Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարաբաղը այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում. Տիգրան Բալայան (տեսանյութ)

Քաղաքականություն
tigran

Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա փոփոխություն չի կրել. Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկությունների հիման վրա։ Այս մասին այսօր Արտաքին գործերի նախարարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԼՂ-ն պետք է լինի բանակցային կողմ, Տիգրան Բալայանն ասաց. «Ղարաբաղը այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում. կան փաստաթղթեր, որտեղ նշված է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին։  Խնդիրն այլ է, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է բանակցել Ղարաբաղի հետ։ Ինչպես գիտեք, հիմնական արդյունքը ԼՂ կարգավորման հարցում, երբ 1994 թվականին կնքվել է զինադադարը, եղել է ԼՂ  և Ադրբեջանի ուղիղ  բանակցությունների արդյունքում։ ԼՂ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիևը ուղիղ հանդիպումներ են անցկացրել։ Մեր խնդիրն այսօր հետևյալն է, որ Ադրբեջանի իշխանությունը  հստակ գիտակցի ՝ տևական կարգավորման հասնելու ուղիղ ճանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ նստել բանակցելն է։ Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից. Հայաստանը՝ որպես Արցախի երաշխավոր, շարունակելու է բանակցությունները։ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է, տևական խաղաղությանը հասնելու համար»։ Նա նաև ավելացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելելու են Հայաստան մոտ ժամանակներս՝ հավանաբար հունիսին։ Նրանք ծանոթանալու են նոր իշխանության հետ և քննարկելու Ղարաբաղյան հիմնախնդիրը։