Թուրքիայում թավշյա հեղափոխությունը համարում են ընդվզում դեպի իշխանություններ. Անուշ Հովհաննիսյան (տեսանյութ)
«Թուրքական միայն մեկ ընդդիմադիր թերթ է օգտագործել «թավշյա հեղափոխություն» տերմինը, մնացածը համաջողովրդավարական շարժումը որակում էին որպես ըմբոստություն, ընդվզում, անհնազանդություն», այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Ըստ մասնագետի, Նիկոլ Փաշինյանի դեռևս Արցախում արված հայտարարությունը, որ իրենք պատրաստ են համագործակցել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, հատկանշական էր և կոչված էր ընդգծելու, որ Հայաստանի արտաքին օրակարգը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու: Այդ հայտարարությանը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յելդրիմը՝ հետևյալ բովանդակությամբ. «Եթե Հայաստանը հրաժարվի Թուրքայի հանդեպ ունեցած իր թշնամական վերաբերմունքից, Թուրքիայի տարածքային ամբողջականության մասին սխալ դիրքորոշումից, Թուրքական կողմը պատրաստ է կշռադատել և պայմանավորվածություն ձեռք բերել»: Նա նաև հավելեց, որ նման հայտարարություններ միշտ էլ եղել են, բայց Հայաստան-Թուրքիա արտաքին հարաբերություններում կտրուկ փոփոխություններ չեն նախատեսվում: