«Բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ»

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովին: Միջոցառումն իրականացվել է  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Նախագահի խորհրդական, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը,  այլք:

Նախարար Զեյնալյանն  ընդգծել է, որ ՀՀ  կառավարությունը քաջ գիտակցում է  կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա:

«Մենք բոլորս գործնականում ականատես ենք եղել կոռուպցիայի ազդեցությանը մեր տնտեսության, ժողովրդագրական պատկերի վրա: Ուստի, հարկ եմ համարում ազդարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարն այսուհետ թևակոխում է նոր՝ առավել թիրախավորված, վճռական փուլ: Ընդ որում, ժողովրդավարության վերելքի և հանրային իշխանության նկատմամբ հասարակության վստահության աննախադեպ բարձր մակարդակի այս փուլում հավասարապես կարևորվում է բոլոր կողմերի, այն է՝ պետական իշխանության բոլոր օղակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարար ոլորտի, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների ջանքերի մեկտեղումն՝ ուղղված ընդհանուր նպատակը կյանքի կոչելուն»,-ասել է Արտակ Զեյնալյանը:

Այս համատեքստում, արդարադատության նախարարը նաև ընդգծել է, որ բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ, ինչպես որ անհանդուրժող եղել են այլ բացասական երևույթների նկատմամբ:

«Երկրում տեղի ունեցած փոփոխությունը պետք է իրականացվի և դրսևորվի բոլորիս վարքագծի մեջ»,-հավելել է Զեյնալյանը: 

Քննարկման ավարտին, արդարադատության նախարարը նաև բարձր է գնահատել նման հանդիպումները և նկատել, որ դրանք չափազանց կարևոր դեր ունեն հակակոռուպցիոն գործընթացները հաջողելու և արդի մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու և դրանք հաղթահարելու հարցում։

Աշխատաժողովին հաջորդել է երկխոսություն ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ:

   ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն