Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրակացարանի բնակիչները հրավիրում են փոխքաղաքապետին իրենց սանհանգույցից օգտվելու (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nyut-16-1

Երեւանի քաղաքապետարանն անակնկալի է բերել նախկին նուրբ-բրդյա գործվածքների կոմբինատի՝ Կամվոլնի գործարանի հանրակացարանի շենքի բնակիչներին։  Նրանք հասկացել են, որ այլեւս նոր բնակարանի հույս  չունեն։ 2017-ի փետրվարին  Գ. Նժդեհի փողոցի 56ա  շենքը, որտեղ բնակվում է   800 հոգի՝ ճանաչվել էր  4-րդ կարգի վթարային։ Ըստ եզրահանգման այն ենթակա էր քանդման,  բայց  նույն թվականի հոկտեմբերին բնակիչների համար անհասկանալի պատճառներով շենքի կարգավիճակը փոխվել է եւ  տրվել է  3-րդ  կարգի վթարայնության աստիճան, ինչը ենթադրում է ամրացման աշխատանքներ։  Թեեւ որոշումներն ընդունվել են նախորդ տարի, այնուամենայնիվ  բնակիչները սկսել են անհանգստանալ միայն օրերս, երբ շինարարները եկել  ու կողպել են նկուղի դուռը՝ ամրացման աշխատանքները նկուղից  են սկսելու:  Բնակիչներն էլ իրենց հերթին են նոր կողպեք դրել նկուղի դռանը՝ խոչընդոտելով շինարարների աշխատանքը:  Եվա Աբրահամյանի 5 հոգանոց ընտանիքն ապրում է 16 քառ մետր մակերես ունեցող սենյակում: «Առաստաղը պոկվեց ու թափվեց երեխայի օրորոցի վրա: Հնարավո՞ր է այս պայմաններում ապրել: Ես հնարավորություն չունեմ տանը սանհանգույց սարքել, ընդհանուր սանհանգույցից ենք օգտվում»: Նարինե Միրզոյանը իր 7 երեխային մեծացրել է մի սենյակում, որտեղ միայն մահճակալների համար տեղ կա:  «Երեխաներս մեծացել են, բանակից տղաներս եկել են ու քույրերի հետ մի սենյակում են քնում»: Բնակիչների բազմաթիվ բողոքներ անպատասխան են մնացել:  «Դիմել ենք քաղաքապետարանի Վահե Նիկոյանին, ասում է էլիտար շենք է, թող ապրեմ: Ես իրեն հրավիրում եմ մեր տուն սուրճ խմելու եւ սանհագույցից օգտվելու  կամ այդ օդը շնչելու»: Բնակիչները մտավախություն ունեն, որ շենքում ամրացման աշխատանքներ տանելուց հետո, այն կդարձնեն արդեն 2-րդ կարգի վթարային եւ ընդմիշտ կզրկեն նրանց բնակարան ստանալու իրավունքից: Ի դեպ,  շենքի բնակիչները նամակ էին ուղարկել  քաղաքապետարան եւ պատասխանատուներին  այսօր   հրավիրել  շենքի բակ՝ հանդիպման,  սակայն ոչ ոք այդպես էլ չեկավ: