Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի լիգա. «Աթլետիկոն» երրորդ, թե՞ «Մարսելը»՝ առաջին անգամ կհաղթի

Սպորտ
sport-evroliga-16.05.

Իսպանական «Աթլետիկո» եւ ֆրանսիական «Մարսել» ֆուտբոլային ակումբներն այսօր Լիոնում կհանդիպեն Եվրոպայի լիգայի վերջին՝ եզրափակիչ խաղում: Թիմերն այնքան էլ ծանոթ չեն իրար, քանի որ նախկինում նրանց եվրոպական ճանապարհները խաչվել է միայն մեկ անգամ: Դա տեղի է ունեցել 2008-2009թթ չեմպիոնների լիգայի խմբային փուլում, որտեղ «Աթլետիկոն» Մադրիդում հաղթել էր 2:1 հաշվով, իսկ Մարսելում հաշտություն էր կնքել՝ 0:0: Անցած ինը տարվա ընթացքում «Աթլետիկոն» երկուական անգամ մտել է չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի եզրափակիչ: Ուժեղագույնների մրցաշարում մադրիդցիները տեղի են տվել վերջին պահին, իսկ ահա Եվրոպայի լիգայում միշտ հաղթող են դուրս եկել եւ տիրել ՈՒԵՖԱ-ի գավաթին: «Մարսելը» նույնպես երկու անգամ, 1999 եւ 2004 թվականներին, հնարավորություն է ունեցել եզրափակիչում վիճարկելու այդ մրցանակը, սակայն երկու դեպքում էլ անհաջողության է մատնվել եւ տուն է վերադարձել ձեռնունայն: Խաղից առաջ իրենց գնահատականներն են տվել թիմերի գլխավոր մարզիչները: Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»). - Ամեն ինչ վկայում է հետաքրքիր եզրափակիչի մասին: «Մարսելը» խաղից խաղ առաջադիմում է ու շատ վտանգավոր է: Մենք երբ դուրս մնացինք չեմպիոնների լիգայից, անմիջապես նպատակ դրեցինք հաղթել այս մրցաշարում: Ավաղ, ես չեմ կարող անմիջականորեն լինել թիմի կողքին, սակայն լիովին վստահում եմ իմ օգնական Խերման Բուրգոսին: Ռուդի Գարսիա («Մարսել»). – Մեր շանսերն այնքան էլ մեծ չեն, քանի որ «Աթլետիկոն» մեծ ակումբ է, որը վերջին չորս տարում երկու անգամ մտել է չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Սակայն մենք խաղում ենք տանը, որը լավ հնարավորություն է: Բուքմեյքերական գրասենյակներն այս հանդիպման ընդգծված ֆավորիտ են համարում «Աթլետիկոյին», որի վերջնական հաղթանակը գնահատել են 1,20 գործակցով՝ ընդդեմ «Մարսելի» 4,00-ի: Ըստ դրանց մարսելցիների միակ առավելությունն հենց այն է, որ խաղն կայանալու է Լիոնում եւ ամբողջ Ֆրանսիան աջակցելու է նրանց: Այն, թե որքանով այդ գործոնը կօգնի «Մարսելին», պարզ կդառնա խաղից հետո, որը մեկնարկելու է Երեւանի ժամանակով 22:45-ին: