Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր լրանում է 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cicernakaberd

Ապրիլի 24-ին հայերը ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած՝ մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին։ Տարատեսակ ակցիաներ են անցկացվում աշխարհի բոլոր այն քաղաքներում, որտեղ հայեր են բնակվում։ Հիմնական միջոցառումը կանցնի Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որը խորհրդանշում է թե զոհվածների կորստի վիշտը, թե ազգի վերածնունդը։ Հայերի ջարդերը սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին: 1892-1923 թվականներին Համիդյան Թուրքիան, այնուհետև երիտթուրքերի կառավարությունը զանգվածային տեղահանության են ենթարկել և բնաջնջել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։  Գլխատվել է մտավորականությունը. 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել և աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, վիճակագրական տվյալների համաձայն` Օսմանյան կայսրությունում կոտորվել է 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1.5 մլն մարդ։ Թալանվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։ 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվել է հայությանը պատճառած վնասի չափը՝ 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ: