Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. «Առանց արյուն հեռացեք։ Ես խոստանում եմ, որ ոչ մեկիցդ վրեժխնդիր չենք լինելու». Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Քաղաքականություն
sasun11

20:30  Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն իր ելույթում նշեց, որ սա մի նոր գարուն է, որի բույնը ժողովրդավարությունն է. "Հայոց արգանդը երբեք չի չորանա"։ 

Դիմելով իշխանություններին` նա ասաց. "Առանց արյուն հեռացեք։ Ես խոստանում եմ, որ ու մեկիցդ վրեժխնդիր չենք լինելու, մենք չենք նմանվելու ձեզ, հեռացեք, ի սեր Աստծո, խաղաղությամբ": 

20:25 Ելք խմբակցության անդամ Արարատ Միրզոյանն իր ելույթում հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում հավաքվածները հերոսություն են արել. "Դուք ֆանտաստիկ, խփնվելու մարդիկ եք։ Այս ամենը ավարտվելու է մի քանի օրից` մեր ուզած ելքով ու հենց այս օրն է լինելու հաղթանակի օրը։ Սերժ Սարգսյանը Մարիոթ հյուրանոցում հրավիրել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու այնպես է  ներկայացրել այս ամբողջը, թե իբր մենք խառնիճաղանջ ամբոխ ենք ու պիտի միջոցներ ձեռնարկի։ Նա ցանկացել է ստանալ միջազգային հանրության դաբրոն ու չի ստացել":

Այնուհետեւ, պատգամավորը հատուկ հայտարարությամբ հանդես եկավ` դիմելով հենց միջազգային հանրությանը` ընդգծելով իրավապահ մարմինների անօրինականությունները. "Տեղի ունեցող ողջ բռնությունների պատասխանատվությունը կրում է Սերժ Սարգսյանը":

Ապա կրկին դիմելով հրապարակին` նա ասաց. "Ես նորից եմ ուզում ասել` ձեւ ցավը տանեմ":

 

20:05Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ քաղաքացիական անհնազանդության շարժմանը մասնակիցներից Դավիթ Սանասարյանը` ասելով. "Երկար տարիներ ծամծմված նախադասությունը` ով, հայ ժողովուրդ, քո հավաքական ուժն արդեն պատմություն է ստեղծում, ճակատագրեր է փրկում, լույս է տալիս, հույս ու սեր է տալիս։

Ցանկացած փողոցում ցանկացած քաղաքացու աչքերում այդ սերն ու ժպիտը կտեսնեք, որին երկար էինք սպասել։ Մենք այստեղ ենք ոչ թե նրա համար, որ ատում ենք Սերժ Սարգսյանին, այլ նրա համար, որ սիրում ենք մեր երկիրը, մեր ամեն ոգին, մեր զինվորին, ոստիկանին։ Սերժ Սարգսյանը թող իմանա, խորհուրդ ենք տալիս` այս մի քանի օրը չմահանաս, քանի որ մինչեւ այստեղ զզվացրել ես։ Այս ժողովուրդը ասում է` հերիք է, բոլ է, առանց արյուն դուրս արի այդ շենքերից ու գնա։ Թող ինձ ծեծեն, չեմ պատասխանելու, քանի որ իմ նպատակը ինչ-որ մարդկանց հետ բռնցքամարտի դուրս գալը չէ, այլ ինչ-որ բան փոխելն է։ Նրանք փորձում են մեզ ծեծելով, մեքենաներ փչացնելով` հասնեն իրենց նպատակին, որ մենք նույն կերպ պատասխանենք"։ 

Ցույց տալով հրապարակում հավաքվածների լուսավորված ձեռքերը` նա ասաց. "Սերժ, տես լույս ենք բերել, որ քո խավարն այս լույսով ցրենք"։

Դավիթ Սանասարյանը հանդես եկավ հայտարարությամբ. "Այսօրվանից սկսած հրաժարվում ենք վճարել կոմունալները։ Այս  հրապարակից ով վճարի, վճարելու է բոլորի փոխարեն։ Եթե սկսենք չվճարել, մի քանի օրից կաթվածահար է լինելու իշխանությունը":

Հրապարակը դրական արձագանքեց նրան։

  19:47   Մինչ Հանրապետության հրապարակում կմեկնարկեր քաղաքացիական անհնազանդության հանրահավաքը, ելույթ ունեցավ մի փոքրիկ` Մաքս անունով։ Նա հայտարարեց. "Ես ընկեր Փաշինյանին նմանեցնում եմ Մոնթեին։ Պարոն Շարմազանով, դուք մի անհանգստացեք ինձ համար, ես այնքան դուխով եմ, որ եկել եմ հրապարակ ու կանգնել եմ։ Իբր թե երեխաների համար անհանգստանում ես, ո՞ւմ ես խաբում":

Այնուհետեւ, նա սկսեց թվարկել հայ արքաների անունները` ասելով. "Իսկ դու, Սերժ Սարգսյան, մեր երկիրը նրանց նման ուժեղացնելու փոխարեն, քո բոլոր ուժերով թուլացնում ես մեր երկիրը։ Դու քո ձեռքերով տվեցիր մեր հողերը թշնամուն։ Ինձ մի օր հարցրին, դու լավ տղա ես, Մաքս, ես ասացի` լավ տղան չի ասի` ինքը լավն է, այլ` շրջապատից հարցրա":

Սա ասելուց հետո փոքրիկը սկսեց նմանակել Սերժ Սարգսյանին, թե նա ինչպես կպատասխաներ այդ հարցին:

  19:30 Այս պահին Հանրապետության հրապարակում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա զրուցում է Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանց զրույցից միայն որոշ մանրամասներ է լսելի: Նախագահը Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե կգնա՞ Մարիոթ հյուրանոցում բանակցությունների, ապա Նիկոլ Փաշինյանի հետ շարժվեցին դեպի նախագահի ծառայողական ավտոմեքենա: Հարցին, թե բանակցություններ տեղի կունենա՞ն, Արմեն Սարգսյանն ասաց՝ հուսանք:  Նախագահը նստեց ավտոմեքենան ու հեռացավ: Ցուցարարները նրա մեքենային եւս փակցրեցին «Մերժիր Սերժին» կարգախոսը:  18:10 Ակցիայի մասնակիցները հասան Հանրապետության հրապարակ: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր կան, այդ թվում կարմիր բերետավորներ։ Նիկոլ Փաշինյանը դիմեց հավաքված ոստիկաններին, ասելով՝ «Մեր գործողությունները լիազորված են ժողովրդի կողմից, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Ես ձեզ դիմում եմ, որպես եղբայր, խնդրում են դուրս եկեք եւ գնացեք»: Ինչից հետո ոստիկանները շարքով, ծափահարությունների ներքո լքեցին տարածքը: Նիկոլ Փաշինյանը նստեց նստարաններից մեկի վրա, հանգստանալու եւ ընթրելու համար:

Հիշեցնենք,  որ երթը սկսվել էր  առավոտյան Նոր Նորքի 7-րդ զանգվածից:

Հանրապետության հրապարակում հանրահավաքը  մեկնարկելու ժամը՝ 19:00-ին:

17.20 Թեեւ Մաշտոցի պողոտայում ոստիկանական մեծաքանակ ուժերի առկայությանը, քաղաքացիները քայլում են փողոցի հենց կենտրոնով։ Նրանք երկու մասի բաժանվեցին. մի մասը քայլեց Թումանյան փողոց, մյուս մասը` շարունակեց Մաշտոցի պողոտայով։ Ոստիկանական ուժերը նստեցին ավտոբուսներն ու սկսեցին հեռանալ պողոտայից։

Ավանից դեպի Քանաքեռ-Զեյթուն տանող ճանապարհին ոստիկանության աշխատակիցները մի պահ արգելափակեցին քաղաքացիական անհնազանդության երթի մասնակիցների ճանապարհը, սակայն քիչ անց ակցիայի մասնակիցները կարողացան շարունակել իրենց քայլերթը դեպի Քանաքեռ-Զեյթուն համայնք։

----------------------------------

14.42 «Իմ քայլը երթի մասնակիցները  քիչ առաջ փոխեցին մտադրությունը։ Նիկոլ Փաշինյանի երթը շարժվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղղությամբ, ոչ թե ՊՆ.

Երթի մասնակիցներն անցան Տարոն Մարգարյանի տան մոտով` ծափահարություններով։
---------------------
 14.00 Բողոքի ակցիայի մասնակիցները Նոր Նորքով շարժվում են դեպի Պաշտպանության նախարարություն:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին` թև թևի տված  առաջ շարժվել: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց, որ ցուցարարները ոստիկաններից առաջ չընկնեն եւ չխոչընդոտեն երթեւեկությունը:  Քայլերթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից պատճառած  անհարմարությունների համար, և նշեց, որ դա անում են ավելի մեծ անհարմարությունից ազատելու համար:  ՀԻՇԵՑՆԵՆՔ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության երթի մասնակիցների հետ միասին Նոր Նորքի զանգվածից գնում են դեպի Ավան վարչական շրջան, ապա` Պաշտպանության նախարարության շենքի մոտ։