Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի շախմատիստուհիները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
a1chess-woman-4

Եվրոպայում շախմատի կանանց նոր չեմպիոնը Վալենտինա Գունինան է:   Սլովակիայում այսօր ավարտված առաջնությունում ռուսաստանցի շախմատիստուհին 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, հպարտ միայնությամբ գրավեց առաջին տեղը: Արծաթե մեդալը նվաճեց վրացուհի Նանա Ձագնիձեն, իսկ բրոնզը բաժին հասավ ուկրաինուհի Աննա Ուշենինային, որոնք առաջատարից հետ մնացին մեկական միավորով:   Հայաստանի շախմատիստուհիները պարզապես ձախողվեցին այս առաջնությունում եւ չկարողացան լրջորեն մրցակցել առաջատարների հետ: Մեր հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան եւ Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը, կարծես ձայն-ձայնի տված, վաստակեցին 6,5-ական միավոր եւ բաժանեցին 26-44-րդ հորիզոնականները: Անհատական գործակիցներով ամենաբարձր տեղը գրավեց Էլինա Դանիելյանը՝ 27-րդ: Հայաստանի նախկին չեմպիոն Մարիա Գեւորգյանը վաստակեց 5,5, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ 5 միավոր:   Հավելենք, որ մեր շախմատիստուհիների արձանագրած արդյունքերը բոլորովին այլ կլինեին, եթե նրանք վիճակահանության պատճառով չհանդիպեին միմյանց հետ: Մասնավորապես՝ միայն Լիլիթ Մկրտչյանն այս առաջնությունում երեք անգամ ստիպված է եղել մրցել իր հայրենակիցների հետ: Արդյունքում՝ մեր շախմատիստուհիներն իրար հետ հանդիպումներում կորցրել են 3 միավոր:   Հիշեցնենք, որ այս առաջնությունում առաջին 14 տեղերը գրաված մասնակիցները իրավունք էին ստանում մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը: