Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամի դեմ «Դատապարտյալների հիվանդանոց»-ը հայց է ներկայացրել (տեսանյութ)

Հասարակություն
Hovhannes-Harutyunyan-nkar

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի դեմ   «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն  քաղաքացիական հայց է ներկայացրել:  «Դա վերաբերում է այն գույքի ոչնչացմանը, որը տեղի է ունեցել 2016 թ դեկտեմբերի 13-ից 15-ը ընկած ժամանակահատվածում»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը: Ըստ հայցադիմումի՝ Հովհաննես Հարությունյանը վնասել է թիվ 4 հիվանդասենյակի պատուհանի ապակին,  կոտրել է  աթոռի հենակը, պահարանի դուռը, դրանով հարվածել պատուհանին, վնասել է նաև բացվող պատուհանի փեղկի ապակին։ Հասցված վնասի չափը, ըստ փորձագետի,  կազմել է 54975 դրամ:  1500 դրամ էլ ՔԿՀ-ն պահանջել է որպես  հայցի  համար  վճարված պետական տուրքի գումար: «Հայցադիմումի մեջ նշել են, որ այդ ժամանակահատվածում Հովհաննես Հարությունյանը ոչ ադեկվատ վարքագիծ է դրսեւորել: Միաժամանակ անձը չի կարող եւ ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորել, եւ միտումնավոր ինչ- որ գործողություն իրականացնել: Նման վիճելի պարագայում ոչնչացված գույքի համար վնասի փոխհատուցում պահանջելը ոչ այլ ինչ է, քան անմտություն»,- ասում է Հայարփի Սարգսյանը:  Փաստաբանը միջնորդել էր այդ ընթացքում դատաբժշկական փորձաքննություն իրականացնել եւ  պարզել՝  ինչու էր Հովհաննես Հարությունյանի վարքագիծը կտրուկ  փոխվել. «Սակայն դա մերժվեց, ինչը նշանակում էր, որ ինչ- որ բան այն չէր: Իրենց գործողությունների արդյունքում էր նրա վարքագիծը փոխվել: Ես կարծում եմ, որ դա միայն հոգեմետ դեղերի ազդեցությունն էր, որովհետեւ իր վարքագիծը հիմնականում դա էր ցույց տալիս:    «Սասնա ծռեր» խմբի անդամը հրաժարվում է այդ գումարը փոխհատուցել, քանի որ դա միտումնավոր չի արվել:   «Իր կամքից անկախ է ագրեսիվ վարք դրսեւորել: Եվրոպացի բժիշկն արգելել էր այն դեղերը օգտագործել, որոնք տրամադրվում էին: Նա նշել էր, որ դա ագրեսիվ է դարձնում մարդկանց:  Ագրեսիվ դեղ էին տրամադրել, որը հավասար է հոգեմետ դեղի:  Նա նույնիսկ չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին»,- ասում է փաստաբանը եւ հավելում՝  Հովհաննես Հարությունյանի վիրավոր  ոտքը բուժելու փոխարեն հոգեմետ դեղեր էին տրամադրում: «Քանի որ մի շարք հարցումներ էին կատարվել նաեւ եվրոպացի բժշկի կողմից, թե ինչու Հովհաննես Հարությունյանի ոտքը չի վիրահատվել: Արդեն իսկ բացահայտվում էր, որ Հովհաննես  Հարությունյանին  պարտավոր էին բուժել, բայց  չեն բուժել:   Փորձում էին հոգեմետ դեղերի շնորհիվ Հովհաննես Հարությունյանին տանել մահվան: Նման իրավիճակում անձը կարող էր ինքնավնասում գործել: Փորձում էին հոգեբուժարան տեղափոխել եւ ոտքը բուժելու թեման փակել»,- ավելացնում է պաշտպանը:  Հիշեցնենք, որ  երկու տարի առաջ հուլիսի 26-ին ՊՊԾ տարածքում գտնվելու ժամանակ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր  ստացել: Նա դեռ վիրահատության չի ենթարկվել:     Հովհաննես Հարությունյանի եւ  Սասնա ծռեր խմբի 10 անդամների  գործով դատական նիստերը մարտի 23-ից չեն կայանում: Դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են: Գործը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին, սակայն նիստի օր դեռ չի նշանակվել: