Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան  է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը (տեսանյութ)

Պաշտոնական
5-5-1

Մարտի 29-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է երկու պետությունների պաշտպանության նախարարների առանձնազրույցը և պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում: Այցի շրջանակում Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ ազգային ժողովի նախագահի, արտաքին գործերի նախարարի հետ: Մայր Աթոռում Պանայոտիս Կամմենոսին կընդունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարին կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հունական պատվիրակությունը մարտի 29-ի առավոյան այցելել է «Արմհայթեք-2018» ցուցահանդես։ Նախատեսվում է նաև պարոն Կամմենոսի այցը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Մարտի 30-ին Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարը հարգանքի տուրք կմատուցի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ի դեպ, Պանայոտիս Կամմենոսը օտարերկրյա առաջին պաշտպանության նախարարն է, ով Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում այցելելու է Եռաբլուր պանթեոն:   ******* ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը  Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ   Մեծարգո նախարար Կամմենոս, հարգելի գործընկերներ, պատվիրակությունների հարգարժան անդամներ: Կրկին ողջունում եմ իմ լավ ընկերոջը՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսին և իր գլխավորած պատվիրակությանը բարեկամ Հայաստանի  Հանրապետությունում: Պարոն Կամմենոսի պաշտոնական այցը Հայաստան լավ առիթ է 2016թ. դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած քննարկումների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու համար: Այս այցը լավ առիթ է նաև ծանոթանալու ռազմական արդյունաբերության բնագավառում Հայաստանի ձեռքբերումներին ԱրմՀայՏեք ցուցահանդեսի շրջանակներում: Պետք է գոհունակություն հայտնեմ և ասեմ, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2016 թվականին Աթենքում, լիարժեք կատարվում են, ամեն տարի մենք ընդլայնում ենք ռազմական փոխգործակցության ծրագիրը, և բոլոր միջոցառումները, որոնք նախանշված են, լիարժեք կատարվելով հնարավորություն են տալիս ամրապնդել փայլուն ավանդույթները, որ գոյություն ունեն մեր երկրների միջև փոխգործակցության առումով: Մեր հանդիպումների ընթացքում մենք ևս մեկ անգամ փաստեցինք երկու բարեկամ պետությունների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները: Անդրադարձանք մեր պետությունների հարևանությամբ ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին և համատեղ քայլեր ձեռնարկելու հնարավորություններին: Օգտվելով առիթից, ես իմ գործընկերոջը ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ իրադրությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում: Մենք ևս մեկ անգամ ընդգծեցինք հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու մեր դիրքորոշումը, և ես շնորհակալ եմ նախարար Կամմենոսին մանրակրկիտ տեղեկության համար, որ ինքն ունի հակամարտության մասին, և այն պատրաստակամության համար, որ նա հայտնեց մեր փոխգործակցությունը շարունակելու համար և հնարավորինս հեշտացնելու բանակցություններում, խաղաղ գործընթացում ընդունելի լուծումներ գտնելու հարցը: Ուզում եմ նշել, որ մենք փոխգործակցության հարուստ ավանդույթներ ունենք, մեր զինված ուժերի մոտ 170 սպա իրենց ուսումը ստացել են Հունաստանի ռազմաուսումնական հաստատություններում և այսօր զինված ուժերում զբաղեցնում են տարբեր բարձր պաշտոններ` իրենց ծառայությունը բերելով մեր երկրի անվտանգության ապահովմանը, մեր սահմանների պաշտպանությանը, և բնական կամուրջ են հանդիսանում մեր երկրների և զինված ուժերի միջև:  Քննարկեցինք նաև մեր հարևանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրը և երկուստեք անթույլատրելի համարեցինք այդ պետության կողմից նախապայմանների կամ սպառնալիքների լեզվով խոսելու քաղաքականությունը: Այդ համատեքստում ես պարոն Կամմենոսին տեղեկացրեցի 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու պատճառների մասին:   Առիթն օգտագործելով ուզում եմ հայտնել նաև իմ սատարումը նախարար Կամմենոսին այն մոտեցումների համար, որ նա արտահայտել է Թուրքիայի կողմից այժմ պահվող երկու զինծառայողներին օր առաջ ազատ արձակելու հարցի շուրջ: Հատկապես Սուրբ Հարության օրվան ընդառաջ կարծում եմ, որ պետք է բարի կամքի դրսևորում լինի և բոլոր հարաբերություններում պետք է գերիշխի փոխադարձ հարգանքի և միմյանց նկատմամբ ավելի ճկուն մոտեցումների կարողությունը: Մենք մեր սատարումն ենք հայտնում Հունական կողմին այս խնդրում: Պարոն Կամմենոսի հետ քննարկեցինք նաև պաշտպանության բնագավառում համագործակցության առկա վիճակն ու ընդլայնման հնարավորությունները: Գոհունակությամբ փաստեցինք, որ ամենամյա երկկողմ համագործակցության ծրագրերը ոչ միայն տարեցտարի ընդլայնվում են, այլև իրականացվում են մեծ արդյունավետությամբ: Ես իմ երախտագիտությունը հայտնեցի մեր գործընկերներին՝ տասնամյակներ շարունակ Հայաստանի զինված ուժերին տրամադրվող համակողմանի ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական օժանդակության համար: Ընդհանուր առմամբ, համագործակցությունը պաշտպանության բնագավառում ներառում է ամբողջ ուսումնական, վարժական և կրթական ներուժը, որն առկա է երկու երկրների զինված ուժերում, բարձր ենք գնահատում նաև խորհրդատվության փոխանակումը զինված ուժերի զարգացման տարբեր հարցերի շուրջ: Համագործակցության հիմնական ուղղություններն են ռազմական բժշկությունը, հատուկ նշանակության ուժերի պատրաստությունը, անձնակազմի կառավարման համակարգի շուրջ փորձի փոխանակումը, որպես նոր ոլորտներ նշվեցին կիբեռանվտանգությունն ու ռազմաօդային ուժերի զորավարժությունների պլանավորման և իրականացման փորձի փոխանակումը: Համագործակցությունն ունի նաև ռազմատեխնիկական բաղադրիչ, որը զարգացման և փոխշահավետ նախագծերի իրականացման մեծ հեռանկար ունի: Վստահ եմ, որ պարոն Կամմենոսի այցը ԱրմՀայՏեք ցուցահանդես և ծանոթացումը հայկական ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններին նոր խթան կհաղորդի այս բնագավառում համագործակցությանը: Վերջում, կրկին ողջունում եմ Ձեզ, պարոն Կամմենոս և մաղթում արդյունավետ աշխատանք այցի ընթացքում: Շնորհակալություն:   Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը համատեղ ասուլիսի ընթացքում պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների հարցերին. Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն - Պարոն նախարար, վերջերս Թուրքիայի ագրեսիվ հայտարարությանը՝ Մեծ Թուրքիա ստեղծելու մասին, թե` եթե պետք լինի մենք կտանք մեր կյանքը, եթե պետք լինի մենք կխլենք ուրիշների կյանքը, և երկու հույն զինվորների շարունակվող կալանքի մասին, դուք բավական կոշտ արձագանքեցիք: Կխնդրեի Ձեր դիրքորոշումը և, ինչ եք կարծում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն կունենան այս հայտարարությունները: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան դառնա եվրոպական պետություն` հարգի միջազգային իրավունքը, մարդու իրավունքները: Մեր ցանկությունն է տեսնել եվրոպական արժեքներ որդեգրած Թուրքիա, բայց ես վախենում եմ, որ Թուրքիայի վերջին նախագահը` Էրդողանը, և այն որոշումը` մոտենալ իրենց վաղեմի երազանքին, այն է` Օսմանյան կայսրությանը` դա Թուրքիային ավելի է հեռացնում Եվրոպայից, միջազգային իրավունքից, մարդու իրավունքներից: Մենք կշարունակենք անել լավագույնը, որպեսզի բացատրենք Թուրքիային, որ մենք խաղաղություն ենք ցանկանում, բայց մենք պետք է հիշեցնենք Թուրքիային իրենց պատմության շատ դրվագները և հատկապես իրենց պատմության այն դրվագները, որոնք վերաբերում է Օսմանյան կայսրության որոշումներին, օրինակ` Հունաստանին:  «Զինուժ Մեդիա». Պարոն նախարար, հարցը վերաբերում է հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցությանը: Եթե կարելի է, մի փոքր մանրամասն. ինչ ծրագրեր, զարգացումներ ակնկալել: Պատասխան. Այսօր մենք այցելեցինք Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec 2018» միջազգային ցուցահանդես և այնտեղ հանդիպեցինք բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների հետ: Վաղը առավոտյան պաշտպանական բնագավառի հայկական ընկերությունների ներկայացուցիչները կhանդիպեն հունական ընկերությունների հետ: Այդ հանդիպումը նշանակում է, որ երկու պետություններն իրենց դռները կբացեն պաշտպանական բնագավառի շուկաների համար: Դա նշանակում է, որ եթե մենք ունենանք արտադրանք, որը հնարավոր կլինի կիրառել Հունաստանի զինված ուժերում, այդ արտադրանքը կարող է ԵՄ վկայագիր ստանալ: Դա նշանակում է, որ դռները բացվում են նաև այլ շուկաների համար: Նույն գործողությունը կարող է կատարվել Հայաստանում, որը կարող է այլ ճանապարհներ բացել: Մենք պետք է հաղթենք միասին, մենք շատ գումար ենք ներդրել մեր երկրների պաշտպանական արտադրության վրա, այժմ պետք է համագործակցենք, միասին արտադրենք: