Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Մինսկի խումբը վերանա, ուրիշ ֆորմատ դժվար թե կարողանանք ստեղծել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
LX-konflikt

ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խումբի աշխատանքները պետք չէ թերագնահատել. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները. տեղական ու միջազգային տեսակետներ» միջազգային համաժողովի ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ Մինսկի խումբն ունիկալ է նաեւ նրանով, որ այստեղ Եվրոպան, ԱՄՆ-ն ու ՌԴ-ն աշխատում են միասին՝ կոնֆլիկտի կարգավորման համար. «Եթե այդ ֆորմատը քանդվի կամ վերանա, ուրիշ ֆորմատ դժվար թե կարողանանք ստեղծել:  Այդքան էլ արտակարգ  ֆորմատ չի, շատ բաներ չեն ստացվում, բայց այդ ֆորմատը ինձ թվում է առնվազն տարիներ կմնա»:             Քննարկման մասնակից, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը նշեց՝ հիմնահարցի լուծումը երբեք էլ հեշտ չի եղել, եւ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են Մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խթանմանը.  «Այս ծրագիրը դիտարկում ենք՝ որպես հնարավորություն՝ հասարակության եւ որոշում կայացնողների միջեւ խաղաղությանը նպաստող ճանապարհների շուրջ քննարկում ծավալելու»: Քննարկման մյուս մասնակիցները եւս այն կարծիքին էին, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջև կա կոնսենսուս: «Կան որոշակի նրբություններ, մարտավարական տարբերություններ,  սակայն հակամարտության   վերջնական  լուծման  հարցում  ԵԱՀԿ  Մինսկի  խմբի  համանախագահ երկրների դիրքորոշումների միջև տարբերություններ չկան»,- նշեց «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս  դե Վաալը: Օքսֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Նիլ Մաքֆարլեյնն առանձնացրեց ՌԴ գործոնը տարածաշրջանում եւ հատկապես ԼՂ հակամարտության հարցում: Ըստ նրա՝ ՌԴ-ն մեծ ազդեցություն ունի եւ ամրապնդում է իր դիրքերը. «ԼՂՀ պարագայում էլ երկու կողմերին զինելով՝ անվտանգության երկընտրանքի բարդացում է լինում: Կոնֆլիկտների շարունակականությունը օգտակար է ՌԴ-ի համար. անկայուն իրավիճակները նա ավելի է ծառայեցնում իր շահերին, ներքին կոնֆլիկտների ներուժը հարմար է»:             Ղարաբաղյան հակամարտոթյան կարգավորման հարցով բանակցությունները արդյունավետ չեն լինի առանց կայուն հրադադարի:«Ադրբեջանը իրականացնում է հետեւողական եւ մտածված ռազմավարություն, որի նպատակն է խաղաղության բանակցությունների մեջ մնալ, միեւնույն ժամանակ՝ ռազմական գործիքներով ճնշում գործադրել հայկական կողմի վրա: Բանակցելու եւ միաժամանակ կրակելու մարտավարությունը արդյունավետ է տվյալ դեպքում»,- նկատեց Ալեքսանդր Իսկանդարյանը:   Ըստ նրա՝ բանակցությունները հեշտ չեն լինի, սակայն  միշտ պետք է հիշել՝ այլընտրանքը պատերազմն է: