Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին ճիզվիտ, առաջին ոչ եվրոպացի Հռոմի պապի գահակալության 5-ամյակն է

Քաղաքականություն
hromi-pap

Այսօր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապի գահակալության 5րդ տարեդարձն է։ Արգենտինայում ծնված Խորխե Մարիո Բերգոլիոն  Հռոմի Կաթոլիկ եկեղեցու 266-րդ պապ է ընտրվել Բենեդիկտոս XVI պապի հրաժարականից հետո: Պոնտիֆիկոս ընտրվելով՝ Խորխե Մարիո Բերգոլիոն վերցրել է Ֆրանցիսկոս անունը՝ ի պատիվ սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Ամերիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։ Իր ողջ հասարակական կյանքի ընթացքում Ֆրանցիսկոս պապն աչքի է ընկել իր համեստությամբ, մտահոգվել աղքատներով և այլ դավանանք ունեցող անձանց նկատմամբ իր հանդուրժողական վերաբերմունքով։ Նրան գնահատում են պապական իշխանության հանդեպ ունեցած համեստ, քիչ պաշտոնական վերաբերմունքի համար։  Իր պաշտոնավարման առաջին օրերին  Ֆրանցիսկոսը նախընտրեց բնակվել Վատիկանի Domus Sanctae Marthae հյուրատանը և ոչ թե Վատիկանի առաքելական պալատի պապական հարկաբաժնում։ Առօրյայում քահանայապետը, նախընտրում է անպաճույճ եկեղեցական հագուստներ, իր ընտրության ժամանակ հրաժարվել է ավանդական պապական մոցցետայից, իսկ պապական իշխանության խորհրդանիշ համարվող  Ձկնորսի ոսկե մատանու փոխարեն ընտրել է արծաթե մատանին: Ավելին, Ֆրանցիսկոսը պահպանել է նաև նույն լանջախաչը, որը կարդինալ ժամանակ էր կրում։ Պոնտիֆիկոսը պահպանում է եկեղեցու ավանդական հայացքները  աբորտների, էվթանազիայի,  հակաբեղմնավորիչների, համասեռականության, կանացի քահանայության վերաբերյալ։ Ֆրանցիսկոս պապը հատկապես ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի և հայերի նկատմամբ: Դեռ Արգենտինայում եպիսկոպոսական առաքելության ժամանակ բազմիցս արտահայտվել է Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչված լինելու օգտին: 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապը մատուցել է Սուրբ Պատարագ և իր ելույթում նշել, որ հայերին պատահած ողբերգությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։  Նույն օրը Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Գրիգոր Նարեկացուն հռչակել է  Տիեզերական եկեղեցու վարդապետ: 2016 թվականի հունիսի 24-26-ը Քահանայապետը «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով   այցելել է Հայաստան: