Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը հոգեբանորեն սխալվեց Կրամնիկի հետ խաղում. Աշոտ Նադանյան (տեսանյութ)

Սպորտ
sport-nadanyan

Լեւոն Արոնյանի անձնական մարզիչ Աշոտ Նադանյանը կարծում է, որ Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների 3-րդ տուրում մեր շախմատիստը տակտիկական սխալ է թույլ տվել սկզբնախաղի ընտրության հարցում: «Լեւոնը սովորաբար պարտիաները չի սկսում e4 քայլով, սակայն երեկ ընտրեց այդ տարբերակը: Միգուցե նա ինչ-որ անակնկալ էր պատրաստել իր մրցակցի՝ Վլադիմիր Կրամնիկի համար, սակայն դա հոգեբանորեն սխալ էր, քանի որ ռուսաստանցի շախմատիստը շատ լավ է խաղում այդ տարբերակով: Մասնավորապես՝ նա աշխարհի չեմպիոն դարձել էր հենց Բեռլինյան պաշտպանության կիռարման շնորհիվ: Այն ժամանակ Գարի Կասպարովը սկզբունքորեն ցանկացել էր մրցակցին հաղթել հենց իր սիրած տարբերակով, սակայն դա նրան չէր հաջողվել», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում Հայաստանի վաստակավոր մարզիչն այդպես մեկնաբանեց Լեւոն Արոնյանի կրած առաջին պարտությունը՝ հավակնորդների մրցաշարում: Ըստ Աշոտ Նադանյանի, Լեւոն Արոնյանը Դին Լիժէնի հետ առաջին պարտիայում կարող էր ռիսկի դիմել եւ հաղթել, սակայն ի վերջո բավարավել է ոչ-ոքի արդյունքով: «Ըստ նրա խոսքերի, ինքը վստահ չի եղել իր ստացած դիրքի վրա, ուստի կրկնել է քայլերը եւ ոչ-ոքի խաղացել: Ինչ վերաբերում է Շաքրիյար Մամեդյարովի հետ երկրորդ պարտիային, ապա Լեւոն Արոնյանն այն շատ վստահ անցկացրեց, ճիշտ քայլերով հավասարեցրեց դիրքը եւ հեշտությամբ ոչ-ոքի արեց: Ես շատ գոհ էի պարտիայից», - նշեց մասնագետը: Վաղը կայանալիք 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպելու է Սերգեյ Կարյակինի հետ: Աշոտ Նադանյանի կարծիքով, աշխարհի փոխչեմպիոնը հարմար մրցակից է մեր շախմատիստի համար, սակայն նա Լեւոնին խորհուրդ տվեց զգուշավոր լինել եւ չդիմել անտեղի ռիսկի, քանի որ նոր պարտությունն ավելի կմեծացնի հոգեբանական ճնշումը: