«Ի դեպ, ով է կանանց իրավունքների համար ամենից շատ պայքարո՞ւմ… տղամարդիկ» (տեսանյութ)

Լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը եւ Ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դեմ արտահայտվեցին մարտի 8-ի տոնին` նշելով, որ մենք տղամարդկային հասարակություն ենք ու կանանց հիշում են միայն տոնից տոն, մինչդեռ կանանց միշտ պետք է հիշել ու կանայք եւս պետք է ունենան հավասար իրավունքներ։

«Կանայք ունեն լուրջ դերակատարություն մեր երկրում. բացի մայր լինելուց, մենք կարող ենք շատ ավելի կարեւոր ու արժեքավոր բաներ անել մեր երկրում։ Կանայք քաղաքականության մեջ բերել են հանդուրժողականության բարձր մակարդակ, ինչպես ամուսինս էր ասում` որքան շատ լինեն կանայք ԱԺ-ում, այնքան կբարձրացնեն տղամարդկանց ջենտլմենությունը»,-նշեց Անահիտ Բախշյանը, որն իր հետ բերել էր տղա թոռան նվերը` թղթից պատրաստված սրտիկ-ծաղիկը։

Իսկ Անուշ Սեդրակյանը հիշեցրեց հիտլերյան մի ձեւակերպում` կինը պետք է գնա խոհանոց, ունենա երեխաներ եւ գնա եկեղեցի։

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի համար ընդունելի տոն է մարտի 8-ը` մատնանշելով այսօրվա ԱԺ-ն, որտեղ կանանց թիվը բավականին շատ է. «Ի պատիվ մեր խմբակցության` պետք է ասեմ, որ մեզ մոտ պահպանվել է 25/75 քվոտան։ Այս էվոլյուցիան կա, սակայն չեմ կարծում, որ դա պետք է ձեւական լինի` չպետք է քանակը որակի հետ խառնել։ Կարծում եմ` կանանց ներգրավվածությունը քաղաքական մշակույթ է փոխել»:

Արմինե Օհանյանն էլ նշեց, որ միգուցե ԱԺ-ում կանանց ներկայությունը քաղաքական մթնոլորտը փափկեցնում է, սակայն այլ տեսանկյուն էլ կա. «Չմոռանանք, որ շատ կանանց ձեռքով է ամենաշատ քծնանքը լինում, ծառայամտությունը։ Այս դեպքում տղամարդու ձեռքին կինը դառնում է գործիք, երբ տղամարդը զլանում է ինչ-որ բան անել»:

Անուշ Սեդրակյանը նաեւ ավելացրեց. «Քաղաքականության մեջ չկա կնոջ ու տղամարդու պահվածք։ Ինչպես ոստիկանապետն էր մի լրագրողուհու էր ասել` ձեր մեջ ես կին չեմ տեսնում։ Իրավահավասարության կոնցեպտ դեռ չկա մեր երկրում, քանի որ այդ ուղղությամբ դեռ աշխատանք չի տարվում։ Ի դեպ, ո՞վ է կանանց իրավունքների համար ամենից շատ պայքարում, այո, տղամարդիկ»: