«Ռեալը» վերացրեց «ՊՍԺ»-ի անպարտելիության միֆը

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Ֆրանսիայի ընթացիկ առաջնության առաջատար «ՊՍԺ»-ն Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»:

 

Այդպիսով, ընդհատվեց ֆրանսիացիների հաղթարշավը սեփական դաշտում, որը բաղկացած էր 19 անընդմեջ հանդիպումներից: Բացի այդ, «ՊՍԺ»-ն մինչ այդ իր հարկի տակ պարտություն չէր կրել 51 անընմեջ հանդիպումներում, ինչը նույնպես ավարտվեց:

 

Իսպանացի մարզիչ Ունայ Էմերիի սաները ընդհանուր 2:5 հաշվով պարտվեցին գործող գավաթակիր «Ռեալին» եւ երկրորդ տարին անընդմեջ չկարողացան հաղթահարել 1/8 եզրափակիչ փուլի արգելքը: Անցած խաղաշրջանում «ՊՍԺ»-ի առաջխաղացումը կանգնեցրել էր իսպանական «Բարսելոնան», որը առաջին խաղում կրած խոշոր պարտությունից հետո պարզապես անհավանական ռեւանշի էր հասել պատասխան մրցավեճում՝ 0:4, 6:1: