«Իբր-ների» վերնախավը
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ մի ձեւակերպում արեց, թե Սերժ Սարգսյանը ՀՀԿ շարքային անդամ է եւ պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին։ Խոսքը վերաբերում է վարչապետ դառնալուն։ Իբր՝ Վահրամ Բաղդասարյանը ինքնուրույն դեմք է, իբր՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ շարքային անդամ է, իբր՝ հետաքրքիր ձեւակերպում է գտել, իբր՝ հասարակությունը լրիվ անմեղսունակ է։ Իրականում ամեն ինչ այդքան պարզունակ չէ, եւ եթե խնդիր կա հիմնավորելու թե ինչո՞ւ հենց Սերժ Սարգսյանը, ապա դա պետք է անեն ուրիշ մարդիկ, դա պետք է արվի ավելի գրագետ ու ավելի լուրջ փաստարկներով։ Խոսքը վերաբերում է կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ապագա ղեկավարին։ Պետություն, որտեղ ապրում են մեր ընտանիքները, շատ կարգին ու աշխատասեր հարյուր հազարավոր մարդիկ։ Հասարակությունը կարոտ է լուրջ խոսքի, լուրջ հիմնավորումների, լուրջ ձեւակերպումների, այլ ոչ թե՝ հոգնեցնող պարզունակության եւ «սրամտության»։ Դրանից որեւէ օգուտ չկա։ Երբ մենք ասում, պնդում ենք, թե Հայաստանին նոր ու ժամանակակից վերնախավ է պետք, ապա նաեւ նրա համար, որ կարեւոր իրավիճակներում գտնի հասարակությանը մատուցելու ճիշտ բանաձեւերը, որոնք վստահություն կառաջնեն, այլ ոչ թե՝ պարզ հակակրանք կամ ծիծաղ։ Գեղամ Նազարյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»